Ախալքալաքում հավի միսը չի թանկացել: Տեղի թռչնաբուծները դա բացատրում են հավի մսի ցածր պահանջարկով և տեղական կերով:
Վրացական շուկայում հավի մսի գները զգալիորեն աճում են, մասնավորապես, 2021 թվականին այս տեսակի ապրանքի թանկացումը կազմել է 12%, սակայն միտումը 2022 թվականին նույնպես շարունակվում է։ Հավի միսը թանկացել է մասնավորապես, այս տարվա հունվարին։ Ըստ Վրաստանի արտադրողների՝ դա պայմանավորված էր միջազգային գործընթացներով և թռչնաբուծության ոլորտում օգտագործվող հումքի թանկացմամբ։
Jnews-ը փորձեց պարզել, գնաճը հասել է Ախալքալաք, թե՝ ոչ:
Տեղի թռչնաբուծերից մեկն ասում է, որ հավի մսի թանկացումը շատ անշան է, ընդամենը 50 թեթրի է կազմում։
«Թանկացումներ եղել են, սակայն ոչ մեր դեպքում։ Իրականում թանկացել է նաև եգիպտացորենի սերմը, ինչով կերակրում ենք, թանկացել են ճուտիկները, որոնք մենք գնում և մեծացնում ենք։ Մեր ամեն ինչը տնական է։ Չնայած վերոնշյալ թանկացմանը, մենք չենք կարող թանկացնել, քանի որ պահանջարկը տեղից էլ շատ քիչ է, եթե մի քիչ էլ թանակա, ընդհանրապես չենք կարող վաճառել»։
Եթե նախկինում 1 կգ հավի միսը վաճառել են 7.50 լարիով, ապա հիմա 8 լարիով են վաճառում։ Եթե նախկինում հավի ճուտը գնել են 1 լարիով, ապա հիմա՝ 3, եգիպտացորենը գնել են 0․45 թեթրիով, իսկ հիմա՝ 0․85։
Խուլգումո գյուղից Զինաիդա Չիվչյանը ճուտ է վաճառում։ Նա փոքրիկ, 65 տեղանոց ինկուբատոր ունի։ Ասում է, որ ձվի գինը նախկին 30 թեթրիի փոխարեն 50 է դարձել, այդ իսկ պատճառով ճուտիկների գինը 1 լարից հասել է 3 լարիի։
«Ես հավկիթն եմ գնում, իսկ հավկիթը հիմա թանկացել է, եթե նախկինում 30 թեթրի էր, հիմա 50 է դարձել, ինչպես կարող եմ նույն գնով վաճառել։ Լինում է, որ համեմատաբար ավելի շահութաբեր եմ վաճառում, երբ մեծացնում եմ ճուտիկներին, նրանց կերակրել է պետք, իսկ կերը 0․80 թեթրից դարձել է 1 լարի», – ասում է Զինաիդա Չիվչյանը։
Ախալքալաքում մի քանի խանութ շրջայցից հետո պարզ դարձավ, որ այստեղ հավի մսի գինը դեռ չի բարձրացել, 2022 թվականին ստացած ապրանքի մեջ թանակցումներ դեռ չի նկատվել։ Խանութներում դեռ նույն արժեքն է գրված, ինչ որ անցած տարի էր։
Գայանե Ակոջյան