Ախալքալաքի բնակչությանը մտահոգում է այն փաստը, որ շինարարական թափոնները թափելու կոնկրետ վայր չկա, իսկ ո՞ւր թափել հարցին թերևս պատասխան չկա։
Արդեն մի քանի անգամ է JNEWS-ը Ախալքալաքի բնակիչներից ստանում է բողոք շինարարական թափոնները թափելու հարցի շուրջ: Ախալքալաքի մունիցիպալիտետը չունի շինարարական աղբի համար նախատեսված հատուկ աղբավայր: Բնակիչները թափոնները չգիտեն ուր թափեն, իսկ աղբամանների մեջ թափելն արգելված է, որովհետև փչանում են դրանք։
«Բնակիչները թափոնները լցրել են աղբամանի մեջ, աղբամանը հենց մեր տան մոտ է դրված, Սպասարկման կենտրոնի աշխատակիցները շինարարական աղբը թողել են աղբամանի մոտ, իսկ բնակիչները չեն հասկանում, որ չպետք է լցնեն աղբամանը, թողել են իմ տան մոտ, ես էլ չգիտեմ ուր տանեմ», – ասաց Ախալքալաքի բնակիչներից մեկը։
Ըստ Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի, աղբատարը մի քանի անգամ փչացել է հենց շինարարական թափոնների պատճառով, աղբանոց նույնպես արգելվում է տանել, քաղաքապետարանը պետք է հատուկ տարածք հատկացնի տվյալ թափոնների համար։
JNEWS-ը կապ հաստատեց շինարարական աղբ տեղափոխողի հետ, փորձելով պարզել, թե ուր է տանում թափոնները:
Նա մեր հարցին պատասխանեց հետևյալ կերպ. «Չեմ ասի, եթե բռնեն ինձ, գիտեք ի՞նչ կանեն»:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, շրջանը շինարարական թափոնների համար հատուկ հատկացված վայր չունի:
«Այս հարցը բոլորիս է հուզում, շրջանը չունի շինարարական թափոնների համար հատկացված տեղ և այնպիսի հողատարածք, որը կարող ենք հատկացնել այդ նպատակով», – ասաց քաղաքապետը:
Հարկ է նշել, որ Աղմաշենեբելի փողոցի վրա հայտնվել է շինարարական թափոնների անօրինական աղբանոց, որովհետև օրենքով սահմանված վայր չկա, ըստ էության, բնակիչները հարցին փորձել են լուծում գտնել։