Մաջադիա գյուղը մեկ տարուց ավելի է տեղամասային բժիշկ չունի: Գյուղում բնակիչներն անհանգստացած են, համավարակի այս բարդ շրջանում գյուղը փաստացի զրկված է բուժօգնությունից:
Ախալքալաքի շրջանի գյուղերում ընդհանուր առմամբ աշխատում է թվով 24 տեղամասային բժշկի փոխարեն 23-ը:
Պարզվում է, գյուղի տեղամասային բժշկի մահվանից հետո, բանկիչները չգիտեն ում դիմեն բժշկական խորհդատվության համար:
«Գյուղում խնդիրները շատ են՝ ասֆալտապատման հարցը, մանկապարտեզի բացակայությունը, և որ ամենակարևորն է բժիշկ չունենք: Արդեն մեկ տարուց ավելի է այս փաստն անհանգստացնում է մեզ», – նշում է Մաջադիա գյուղի բնակիչներից մեկը:
Նրա խոսքով, նախկինում պարբերաբար բժիշկն այցելում էր գյուղ և գյուղացիները ցանկացած հարցով կարողանում էին դիմել նրան: Սկսած երեխաների կանոնավոր պատվաստումներով, վերջացրած մեծահասակների հետ կապված տարաբնույթ խնդիրներով, բայց ինչ նա մահացել է գյուղացիները մնացել են «անտեր»:
Գյուղացիների խոսքով, հատկապես ձմռան եղանակին շատ դժվար է հասնել քաղաք, բժշկի այցելելու համար, քանի որ առատ ձյան պատճառով, երբեմն գյուղից քաղաք տանող ճանապարհը փակվում է: Իսկ շտապ օգնությունը միշտ չէ, որ ժամանակին հասնում է հիվանդի տուն, իսկ տեղամասային բժիշկ ունենալու պարագայում իրավիճակն այլ կլիներ:
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանը նշում է՝ ներկա պահին թափուր աշխատատեղ տեղամասային բժշկի համար չկա:
«Ես ինքս այս հարցով դիմել եմ շատ տեղեր, բայց հստակ պատասխան մինչև օրս չեմ ստացել»:
Լիդա Ալմասյան