Հասմիկ Մինասյանն Ախալքալաքում ունի իր ատամնաբուժարանը։ Երկար տարիներ աշխատելով երեխաների հետ վերջինս նշում է, որ նրանց համար դժվար և սթրեսային է ատամնաբուժի մոտ այցելելը։ Ըստ այդմ՝ Հասմիկը LAG-ի ֆինանսական օգնությամբ կարողացել է իր ատամնաբուժարանը երեխաների համար ավելի հարմարավետ դարձնել։
Հասմիկը լսելով Ախալքալաքում LAG-ի հայտարարած ծրագրերի մասին որոշել և նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ ձեռք է բերել մանկական ատամնաբուժական սարքավորումներ։ Այժմ նրա ատամնաբուժարանում առանձին սենյակ կա երեխաների համար՝ մուլտհերոսներով, գույնզգույն նստարաններով ու մանկական կահավորմամբ, որոնք գրավում են երեխաներին և նրանք առանց վախենալու տեղավորվում են ատամնաբուժական աթոռին։
Նախագծի ընդհանուր բյուջեն կազմել է 55․088 լարի, այդտեղից Եվրամիության ֆինանսավորումը կազմել է 35,750 լարի, իսկ համաֆինանսավորումը՝ 19,338 լարի։
Հասմիկ Մինասյանը համարում է, որ այդ դրամաշնորհը մեծ օգնություն էր իր Կենտրոնի զարգացման գործում, քանի որ միայն սեփական ֆինանսավորմամբ դա շատ դժվար կլիներ անել։
«Ես ինքս ամբողջ գումարը չէի կարող վճարել, իսկ նախագծի շնորհիվ կարողացա ձեռք բերել այդ սարքավորումները։ Իհարկե, ավելի հեշտացավ աշխատանքս, երեխաների դուրը շատ է գալիս, ավելի հանգիստ են լինում», – ասում է նա։
Վերջինս հավելում է, եթե հիմա էլ լինի այնպիսի նախագիծ, որին ցանկանա մասնակցել, կմասնակցի, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում արդեն ընդունվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, և այլ երկրից ստացած ֆինանսավորումը համարվում է օտարերկրյա ուժի շահից բխող աջակցություն։
Հարկ է նշել, որ Ախալքալաքում՝ ինչպես Հասմիկը, այնպես էլ բազմաթիվ այլ մարդիկ ու կազմակերպություններ դիմել են ԵՄ-ին և այլ դրամաշնորհների ու ձեռք բերել տարբեր սարքավորումներ, իրականացրել նոր նախագծեր, ինչպես նաև սեփական բիզնեսը սկսել։ Թե ինչպիսի՞ ընթացք կունենա ԵՄ-ի կողմից դրամաշնորհային նախագծերը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո դեռ պարզ չէ։