Ռուսաստանը ռազմական տեխնիկա և կոնտինգենտ է տեղակայել Ուկրաինայի սահմանների մոտ, իսկ արևմտյան երկրները՝ ի դեմս ՆԱՏՕ-ի, իրենց ռազմական և բարոյական աջակցությունն են ցուցաբերում Ուկրաինային։ Աշխարհը խոսում է երկու սլավոնական հարեւան երկրների հնարավոր պատերազմի մասին, սակայն շատ փորձագետներ կասկածում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ կսկսվի։ Վրաստանի համար Ուկրաինայի հնարավոր պատերազմի հետևանքների, Հայաստանի և Վրաստանի ռազմական կոնտինգենտի հնարավոր մասնակցության մասին JNEWS-ը զրուցել է փորձագետ, քաղաքագետ, Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին պետնախարար՝ Պաատա Զաքարեիշվիլիի հետ։

Ո՞ր հակամարտությունը կարող է ավելի շատ ազդել Վրաստանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում երկրորդ պատերազմը, թե՞ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր պատերազմը:

Ուկրաինական հարցն ավելի մեծ ազդեցություն կունենա: Որովհետև Ուկրաինան, ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի, ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Հայաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակը կարող է ազդել տարածաշրջանի վրա, բայց ոչ անմիջապես Վրաստանի ճակատագրի վրա։ Բայց Վրաստանի ճակատագրի վրա անմիջականորեն կարող է ազդել Ռուսաստանի վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ, քանի որ եթե Ռուսաստանը հասնի իր ճանապարհին, և Ուկրաինան դադարի շարժվել դեպի ՆԱՏՕ, կարծում եմ, դա կտարածվի Վրաստանի վրա ևս, և հակառակը։ Եթե Ուկրաինան հասնի իր նպատակին և, այնուամենայնիվ, ձգտի դեպի ՆԱՏՕ, միանշանակ կաջակցեն նաև Վրաստանի ՆԱՏՕ մտնելուն։ Այսինքն՝ առանց Վրաստանի Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին և հակառակը։ Ցավոք սրտի, կա այս պահը, երբ մենք երկուսով ենք ձգտում ՆԱՏՕ:

Եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ սկսվի, ի՞նչ դիրք կզբաղեցնեն հարևան Հայաստանն ու Վրաստանը։

Դա միանշանակ է, որ Վրաստանի և Հայաստանի միջև կան շատ լավ և բարեկամական հարաբերություններ, բայց դա չի նշանակում, որ դա միշտ պետք է ազդի նրանց արտաքին քաղաքականության վրա։ Հայաստանն այսօր ՀԱՊԿ անդամ է, նախագահ է հանդիսանում, Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Հայաստանը ԵԱՏՄ (խմբ. Եվրասիական տնտեսական մաքսային միություն) անդամ է, Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Սա չի խանգարում մեր բարիդրացիական հարաբերություններին։ Մեր պատմական կապերն ավելի ամուր են, քան ներկայիս իրողությունները։ Չնայած դրան, Աստված մի արասցե պատերազմ լինի, Վրաստանը, իհարկե, միանշանակ կաջակցի Ուկրաինային։ Բայց Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի ավելի չեզոք դիրքորոշում որդեգրել: Վերջերս Ալիևը մեկնել էր Ուկրաինա՝ աջակցելու Ուկրաինայի ամբողջականությանը։ Էրդողանն օրերս մեկնելու է Ուկրաինա՝ աջակցելու: Ես կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունները նույնպես պետք է մեկնեն։ Բայց եթե ես լինեի ՀՀ քաղաքացի, կասեի, որ Հայաստանին ձեռնտու չէ մեկնել, քանի որ Հայաստանն իր ապագայի վերաբերյալ այլ հայացքներ ունի։ Յուրաքանչյուր պետություն բխում է իր պետական շահերից։ Հայաստանի պետական շահը դեռևս Ռուսաստանի հետ քիչ թե շատ սերտ հարաբերություններն են։ Ուստի չեզոքությունն այս դեպքում ավելի լավ է։ Նույնը տեղի ունեցավ 2008թ.-ին: Այն ժամանակ Հայաստանը շատ հարցերում շատ հստակ աջակցում էր Վրաստանին, բայց հայտարարությունների, դիվանագիտության մակարդակով փորձում էր չեզոք լինել։

Բայց դեռ կարո՞ղ է ստացվել այնպես, որ Ուկրաինայում վրացիներն ու հայերը կռվեն միմյանց դեմ:

Չեմ կարծում, որ հայերն ու վրացիները կկռվեն պատերազմի հակառակ կողմերում։ Եթե ՀԱՊԿ-ը չընդգրկվի, ինչու պետք է Հայաստանը ռազմական կոնտինգենտ ուղարկի պատերազմի: Դա պետք է լինի ՀԱՊԿ-ի որոշումը: Չեմ կարծում, որ դա լավ ճանապարհ է ՀԱՊԿ-ի համար: Սրան շատ բացասաբար են նայում ոչ միայն Հայաստանը, այլեւ ՀԱՊԿ մյուս բոլոր անդամները։ Միայն Հայաստանը չէ, Ղազախստանն է, Ղրղզստանը… ոչ ոքի դուր չի գա Ուկրաինայում ռուսական ագրեսիային աջակցելու գաղափարը։ Վստահ եմ, որ ոչ մի հայ, ղազախ, ղրղզ զինվորական չի գնա Ուկրաինա կռվելու: Դա կկործանի հենց Ռուսաստանին։ Ռուսաստանի համար դա սխալ որոշում կլինի: Եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, այնտեղ կռվելու են միայն ռուսական զորքերը, այլ ոչ թե ՀԱՊԿ-ը:

Քրիստինե Մարաբյան