«Վրաստանի եվրոպական ճանապարհի հիմնական խնդիրներից մեկը դա ուժեղ քաղաքական բևեռացումն է։ Որպեսզի երկիրը դառնա ԵՄ անդամակցության թեկնածու, բոլոր քաղաքական ուժերը պետք է կառուցողական ձևով համագործակցեն»,- ասված է Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրոպական արտաքին կապերի ծառայության պաշտոնական էջում։
«Անցյալ շաբաթ ես առաջին անգամ այցելեցի Վրաստան, քանի որ ցանկանում էի երեք հիմնական ուղերձով կիսվել վրաց ժողովրդի և Վրաստանի իշխանությունների հետ:
Առաջին. Եվրամիության համար որևէ կասկած չկա, որ Վրաստանը պատկանում է եվրոպական ընտանիքին։ Երբ այցելեք Վրաստան, կզգաք վրաց ժողովրդի եվրոպական ձգտումը։ Թբիլիսիի փողոցներում ես ավելի շատ եվրոպական դրոշներ եմ տեսել, քան եվրոպական մայրաքաղաքների մեծ մասում: Վրացիների ավելի քան 80%-ը ցանկանում է, որ իրենց երկիրը դառնա Եվրամիության մաս։ Սա, անշուշտ, տպավորիչ ցուցանիշ է, և մենք այն լիովին գնահատում ենք: Իմ գտնվելու ընթացքում բոլոր զրուցակիցներս ցանկություն ու խնդրանք հայտնեցին, որ Վրաստանը շուտով ստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Սա կոչ է, որը մենք մշտապես լսում ենք իշխանության ներկայացուցիչներից, ընդդիմությունից և քաղաքացիական հասարակությունից վերջին մի քանի ամիսների ընթացքում»,- հայտարարել է Բորելը:
Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանն այս ճանապարհին ունի հստակ պահանջներ, որոնք արտացոլված են Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթություններում, և Վրաստանի հետագա քայլերը եվրոպական ճանապարհին կախված կլինեն ձեռք բերված արդյունքներից։
ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը նաև անսասան աջակցություն է հայտնել Վրաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
«2008 թվականից ի վեր Վրաստանը դարձել է Պուտինի նեոիմպերիալիստական աշխարհահայացքի զոհը։ Վրաստանի կողքին կանգնելու մեր երկարամյա պատասխանատվությունն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ֆոնին։ Սրանք միայն խոսքեր չեն։ Մենք դա հաստատում ենք կոնկրետ գործողություններով։ Եզրափակելով՝ կարծում եմ, որ Վրաստանի ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված իմ հիմնական ուղերձը պարզ էր։ Վրաստանը կարող է հույս դնել Եվրամիության վրա, իսկ ԵՄ դռները բաց են Վրաստանի առաջ։ Մենք ցանկանում ենք, որ Վրաստանը հաջողության հասնի իր եվրոպական ճանապարհին, և հուսով ենք, որ Վրաստանի ղեկավարները կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի բաց չթողնեն այս ոսկե հնարավորությունը»,- գրում է Բորելը։