Արտաքին ճնշումը չի կարող ազդել Միխեիլ Սաակաշվիլիին համաներում շնորհելու որոշման վրա, – հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) կայացած միջոցառման ժամանակ։
«Սա բարոյական որոշում է, որը ես ինքնուրույն կկայացնեմ, և ես պատասխանատու եմ միայն իմ առջև: Սա իսկապես այնպիսի բան չէ, որի վրա կարել է ազդել արտաքին կամ ներքին ճնշմամբ», – ասել է Զուրաբիշվիլին՝ պատասխանելով մոդերատորի հարցին:
Նա կարծում է, որ Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների թափանցիկության և ժողովրդավարության վրա որևէ կերպ չի ազդի այն, թե որտեղ կլինի Սահակաշվիլին՝ ազատության թե անազատության մեջ։
«Նա [Սաակաշվիլին] բանտարկյալ քաղաքական ընդդիմախոս չէ, նա Նավալնին չէ… Նա բանտում է իրական պատճառներով», – հայտարարել է Նախագահը:
Զուրաբիշվիլին հավելել է, որ այս ամենը «չի նշանակում, որ մարդասիրական տեսակետը չպետք է պաշտպանվի և հարգվի»։ Ելնելով դրանից, նրա կարծիքով, Վրաստանի համար «հեղինակության տեսանկյունից շատ ավելի լավ կլիներ», եթե Սաակաշվիլին «մեկ այլ տեղ լիներ»։
«Սա որոշում է, որը պետք է կայացնեն Վրաստանի իշխանությունները։ Կան բազմաթիվ ուղիներ, որոնց միջոցով այլ երկրները լուծել են այդ խնդիրները՝ տնային կալանք, արտահանձնում, քանի որ Ուկրաինան ցույց էր տվել, որ պատրաստ էր արտահանձնման»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։
Սաակաշվիլիին ազատ արձակելու անհրաժեշտությունը, ով կալանավորվել էր 2021 թվականի հոկտեմբերին՝ Վրաստան վերադառնալուց անմիջապես հետո, սկսեց ավելի ակտիվ քննարկվել թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս՝ գաղութում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահից հետո։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ կարող է կիսել Նավալնիի ճակատագիրը, քանի դեռ նա գտնվում է վրացական բանտում։
Այս ֆոնին նախկին նախագահի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը սկսել է ստորագրահավաք՝ պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին Սաակաշվիլիին համաներում շնորհելու կոչով։
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Մյունխենի անվտանգության համաժողովում նույնպես զուգահեռներ անցկացրեց Նավալնիի և Սաակաշվիլիի միջև՝ կոչ անելով Զուրաբիշվիլիին համաներում շնորհել Վրաստանի նախկին նախագահին։