Ձյան և մերկասառույցի պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը, իսկ մնացած տրանպոստային միջոցների համար երթևեկությունն ազատ է:
Ըստ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության՝ երթևեկությունը Գուդաուրի (Պոստա) հատվածում թույլատրվում է առանց կանգառի ռեժիմով՝ թունելներով և պարեկային ոստիկանության հսկողության ներքո:
Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:
Վրաստանի իշխանությունները շինարարական աշխատանքներ են տանում Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոմայրուղու Կոբի–Գուդաուրի հատվածի ամենաբարդ ու վտանգավոր Քվեշեթի–Կոբի շրջանցիկ ճանապարհը կառուցելու համար։ Նախնական տվյալներով` նախագիծն ավարտին կհասցվի 2024 թվականին։
Նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհ կառուցել, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում` 9 կիլոմետրանոց թունել Խաչի լեռնանցքի տակ։ Նախագիծը Եվրոպայում ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկն է համարվում։