«Բժիշկների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի» տվյալներով՝ Վրաստանի շրջանային կլինիկաներից մեկում կորոնավիրուսով վարակված հիվանդը հարձակվել է բուժքրոջ վրա։
Ինչպես այսօր ճեպազրույցում հայտնել է կազմակերպության ղեկավար Սալոմե Լոլուան, վերջին շրջանում նման դեպքերն ավելի հաճախակի են դարձել։ Բժշկական անձնակազմի վրա հարձակումներից մեկն արձանագրվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին։
«Առավոտյան ժամը 5-ին վերակենդանացման բաժանմունքում բուժքույրը նկատել է, որ հիվանդն անհանգստացած է։ Նա մոտեցել է նրան, տվել թթվածնային դիմակը և մտադրվել է չափել արյան մեջ թթվածնի կոնցենտրացիան։ Բուժքույրը կռացել է՝ վերցնելու սատուրացիան չափելու սարքը, և այդ պահին հիվանդը բռնել է նրա պարանոցից և կոկորդից՝ հարվածելով մի քանի անգամ սուր առարկայով»,- պատմել է Լոլուան։
Նրա խոսքով՝ պացիենտը բուժքրոջը երկու վնասվածք է հասցրել՝ մեկը այտի շրջանում, ինչի արդյունքում վնասել է թքագեղձը, յոթ կար է հարկավոր եղել։ Երկրորդ հարվածը կոկորդին է հասցվել: Այս փուլում բուժքրոջ առողջական վիճակը բավարար է գնահատվում։
«Հիվանդը երկու շաբաթ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էր»,- ասել է Լոլուան՝ հավելելով, որ այս փուլում ասոցիացիան ձեռնպահ է մնում կլինիկայի, հիվանդի և բուժքրոջ անունները հրապարակելուց։
Նրա խոսքով՝ տղամարդը տեղափոխվել է №12 ՔԿՀ, կատարվում է նախաքննություն։ Խոսելով բռնությունների աճի մասին՝ Լոլուան նաև ասել, որ հաճախ մասնավոր կլինիկաները կոչ են անում բուժանձնակազմին՝ ցուցաբերել հավատարմություն, սակայն նա կարծում է, որ շատ դեպքերում նման գործողությունները պարունակում են հանցագործության նշաններ։ «Netgazeti»-ն կապվել է Ներքին գործերի նախարարության հետ՝ գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: Պատասխանը ստանալու դեպքում նյութը կթարմացվի:
Աղբյուրը՝ Netgazeti