Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հինգ մարդ է բերման ենթարկվել համակարգչային համակարգ չարտոնված մուտքի և կազմակերպված խարդախության մեղադրանքով: Նրանց ձերբակալել են Թբիլիսիում, Գորիում և Ծալենջիխայում:
Նրանց առաջադրված մեղադրանքը նախատեսում է 7-ից 10 տարի ազատազրկում:
Հետաքննության համաձայն՝ մեղադրյալները կոտրել են արտասահմանում աշխատող Վրաստանի յոթ քաղաքացիների ֆեյսբուքյան էջերը: Այնուհետև նրանք իրենց անունից կապ են հաստատել ինչպես արտերկրում, այնպես էլ Վրաստանում աշխատող իրենց ընկերների հետ և խաբեությամբ 14 հոգու հարկադրել են խոշոր գումար փոխանցել արագ փոխանցման համակարգերի միջոցով, ինչպես նաև առցանց կազինոյի հաշիվներին:
Ըստ ՆԳՆ-ի փոխանցման, մեղադրյալները խարդախության միջոցով հափշտակել են 10 500 լարի:
«Հանցագործ խմբավորման մյուս զոհերին և անդամներին հայտնաբերելու ուղղությամբ ընթանում են քննչական գործողություններ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 180-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» ենթակետի և 284-րդ հոդվածի 2-րդ «ա» ենթակետի համաձայն, ինչը ենթադրում է կազմակերպված խմբի կողմից խարդախություն, որը զգալի վնաս է պատճառել և նախապես համաձայնեցված խմբի կողմից համակարգչային համակարգ չարտոնված մուտք: