Նաթիա Թուրնավան հրաժարական է տվել Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնից։ Կառավարության ղեկավարը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել է Լևան Դավիթաշվիլիի թեկնածությունը, իսկ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի պաշտոնին նշանակվել է Օթար Շամուգիան:
Այս մասին այսօր կառավարության ապարատում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա շնորհակալություն է հայտնել Նաթիա Թուրնավային կատարած աշխատանքի համար և ասել, որ նա «մնում է թիմում»։
«Ինչ վերաբերում է Տիկին Նաթիային, ապա իմ և կառավարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան երեք տարի այս պաշտոնում ծառայելու համար… Նաթիան եղել է, կա և մնում է մեր թիմի անդամը: Նաթիան ունի իր ծրագրերը, իր տեսլականները, իր ցանկությունները, դրանց մասին ինքն անձամբ կպատմի։ Ցանկանում եմ երախտիքիս խոսքը հայտնել և հաջողություն մաղթել նրան»,- հավելել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Լևան Դավիթաշվիլին մինչ այժմ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարն էր։ Սրա հետ մեկտեղ, վերջինս կպահպանի նաև փոխվարչապետի պաշտոնը։
«Նա մեծապես իրեն ներկայացնելու կարիք չունի, բոլորը քաջատեղյակ են նրա գործունեությանը։ Լեւանը հաջողակ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար էր։ Վերջին հինգ տարիների ընթացքում նա հավատարմորեն ծառայել է նախարարությանը, երկրին, իր գործին և բազմաթիվ կարևոր բարեփոխումներ է իրականացրել այս նախարարությունում։ Կրթությամբ տնտեսագետ է, լավ կրթություն ունի, կուտակել է գիտելիք։ Ես հավատում եմ, որ նա կդառնա Էկոնոմիկայի և կայուն զարգացման հաջողակ նախարար։ Նա նաև փոխվարչապետն է, և այդ պաշտոնը կպահպանվի»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նոր նախարար է նշանակվել Օթար Շամուգիան։ Նա մինչ այժմ զբաղեցնում էր Լեւան Դավիթաշվիլիի տեղակալի պաշտոնը։
«Օթարը Սուխումից հարկադիր տեղահանված անձ է, նա ծնվել է Սուխումում, մեծացել Սուխումում, դպրոցն ավարտել է Սուխումում, ապա ստիպված բնակվել Զուգդիդիում, Թբիլիսիում և իր բարեխիղճ, ազնիվ աշխատանքով հասել է նախարարի պաշտոնին։ Օթարն այս նախարարությունում աշխատել է 16 տարի։ Նա մանրամասն գիտի, թե ինչ է անհրաժեշտ գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության համար, և ես հավատում եմ, որ նա հաջողակ նախարար կլինի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում։