Վրաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբերին մահացությունների թիվը գերազանցել է 53,4 հազարը, սա ամենավատ ցուցանիշն է տվյալների վերլուծության ողջ պատմության մեջ, այսինքն՝ 1994 թվականից ի վեր։Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության «Սաքստատ» անցյալ տարվա 11 ամիսների հաշվետվությունը ներկայացնում է BMG գործակալությունը։

Ըստ տվյալների՝ բնակչության բնական անկումը, առանց միգրացիայի, 2021 թվականի հունվար-դեկտեմբերին հատել է 12,4 հազարի սահմանագիծը, ինչը նույնպես ռեկորդային է վերջին 27 տարիների համար։

Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանում ծնվել է 41 043 երեխա։ Այս թվերի հիման վրա ստացվում է, որ անցած տարի երկրում օրական միջինը 123 երեխա է ծնվել, 160 մարդ մահացել է։

2018-2020 թթ-ի Վիճակագրությունը.

2018 թ-ին՝ օրական միջինը ծնվում էր 140 երեխա, մահանում՝ 127 մարդ,

2019 թ-ին՝ օրական ծնվում էր 132 երեխա, մահանում՝ 128 մարդ,

2020 թ-ին՝ օրական միջինը ծնվում էր 127 երեխա, մահանում՝ 138 մարդ։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն երկրում ժողովրդագրական իրավիճակը տագնապալի է համարում։

«Սա այս տարվա ամենաանհանգստացնող տվյալներից մեկն է։ Հիշեցնենք, որ 2020 և 2021 թվականներին Covid-ի ազդեցությունը լուրջ էր… Ինչպես գիտեք, մենք Վրաստանում վերջին տասնամյակների ընթացքում ժողովրդագրական խնդիրներ ենք ունեցել, և սա երկրի ամենամեծ մարտահրավերներից մեկն է, բայց համավարակը խաղաց իր դերը դրանում, որ մեզ մոտ բնական աճ չգրանցվեց»,- ասել է Գամկրելիձեն։

2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում բնակվում էր 3 726 800 մարդ։ Ակնհայտ է, որ մինչև 2022 թվականը նրանց թիվը նվազել է։ 1994 թվականին Վրաստանի բնակչության ընդհանուր թիվը գերազանցում էր 4,9 միլիոնը։