Ձյան առատ տեղումներն ու ուժեղ քամին դժվարացրել են մեքենաների տեղաշարժն Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի ճանապարհներով, սակայն, ըստ քաղաքապետարանի տվյալների, մունիցիպալիտետում փակ ճանապարհներ չկան:
Այսօր՝ հունվարի 13-ին, մունիցիպալիտետում առատ ձյուն է տեղում և ուժեղ քամի է։ Գյուղական ճանապարհներով մեքենաների տեղաշարժը դժվարացած է, ամառային անվադողերով մեքենաները չեն կարողանում երթեւեկել ճանապարհներով։ Թեև առավոտյան գյուղերում փակ ճանապարհների մասին տեղեկություն քաղաքապետարանը չի ստացել։
«Մունիցիպալիտետում փակ ճանապարհների մասին դեռ տեղեկություն չենք ստացել, Վերահսկիչ հանձնաժողովին հանձնարարություն է տրված, հեռախոսը 24 ժամյա ռեժիմով գործում է, գյուղերի լիազոր ներկայացուցիչները իրազեկում են։ Եթե որևէ տեղ փակվի, մենք ունենք դրա համար հատկացված գումար, տեխնիկան կա։ Եթե օրվա ընթացքում քամին որևիցե տեղ ճանապարհ փակի, մենք այն բացելու հարցը կլուծենք»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
2022 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական ճանապարհները մաքրելու պարտավորությունը ստանձնած «ՋավախԱվտոԳզա» ընկերությունից ասացին, որ իրենք մաքրման մասին տեղեկությունը ստանում են քաղաքապետարանից և դեռ տեղեկություն չեն ստացել։
«Առանց նրանց ոչինչ չենք կարող անել, թեև երբեմն նրանք անմիջապես աշխատակիցներիս են ասում, բայց ես, միևնույն է, կիմանայի։ Ինչ վերաբերում է Ախալքալաքի կենտրոնական ճանապարհներին, տեխնիկան արդեն աշխատում է, ինչ հարկն է, արվում է, թեև ձյունը գալիս է։ Մենք չենք սպասարկում Ախալքալաք քաղաքը, պարզապես երբեմն օգնում ենք»,- ասաց «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ի տնօրեն Նոդար Ինասարիձեն։