Ախալքալաքի քաղաքապետարանի տեղեկություններով՝ այսօր աշխատանքային օրվա վերջում կարկուտի և քամու պատճառած վնասների վերաբերյալ 25 դիմում է ստացվել: Թեև, քաղաքապետարանն ակնկալում է, որ դիմումների թիվը կաճի։
Դիմումների ընդունման հետ մեկտեղ որոշ քաղաքացիներ պարզապես տեղեկատվություն են ստացել, թե ինչպես պետք է դիմում ներկայացնել և, հավանաբար, դրանք կներկայացնեն վաղը։
«Այսօր արդեն աշխատանքային օրն ավարտվում է, վաղը, կարծում եմ, դիմումներ էլի կլինեն: Վաղը չէ մյուս օրը, այլևս դիմումներ չենք ընդունի: Մենք գյուղերի բոլոր մասնագետներին զանգահարել ենք, տեղեկություն ունենք միայն մեզ վերաբերվող վնասի մասին, որի դեպքում կարող ենք օգնել: Այսինքն, եղել է բնական տարերք, օրենքի շրջանակներում ինչ հնարավորություններ ունենք, կոնկրետ վերցրված կետերը, որտեղ մենք՝ տեղական ինքնակառավարման մարմինները, կարող ենք օգնել մեր բնակչությանը»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Դիմումներ են ստացվել ոչ միայն բերքի, այլև տարբեր բնույթի վնասների մասին։
«Ընդհանուր առմամբ վնաս է հասցվել նախկին զինվորական ավանի բազմահարկ շենքին, որի տանիքը վերածվել է ցանցի, քանի որ տանիքն ազբեստե է եղել: Գյուղերում, օրինակ՝ Օլավերդում, մի քանի շիֆեր է քամին քշել: Հիմնականում այն տներից, որոնք գյուղի ծայրամասում են գտնվում։ Քաղաքից ստացել ենք դիմումներ կոտրված ապակիների մասին: Հիմնականում տուժել են քաղաքի հարակից տարածքները՝ Դիլիսկա, Խուլգումո, Գոման, Մաջադիա գյուղերը և այլն։ Մենք էլ մեր հերթին արձագանքել ենք, այս տեղեկությունն ուղարկել ենք նախարարություն։ Մենք չենք կարող մետ ուժերով լուծել այս հարցը։ Մենք նրանց տեղեկություն ենք ուղարկել՝ լուսանկարների հետ միասին, որ նման եղաանակային տարերք է տեղի ունեցել»,- Jnews-ին հաղորդեց Ախալքալաքի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 21-ի երեկոյան՝ Ախալքալաքում և հարակից գյուղերում մոտ 2-3 րոպե տեղացած ուժեղ կարկուտը վնաս է հասցրել բնակիչներին։ Դեռևս վնասի չափը դժվար է հաշվարկել։ Կարկուտը խոշոր է եղել՝ 3-4 սմ տրամագծով, տեղ-տեղ նույնիսկ ավելի մեծ։