Այս տարի Ախալքալաքի կենտրոնական և որոշ գյուղական ճանապարհների վրա ձնեմաքրման աշխատանքներով զբաղվում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Այս պահին ճանապարհները մաքրվում և պատվում են ռեագենտներով, սակայն այս ընկերության հետ պայմանագիրը ավարտվում է մինչև 2021 թվականի վերջ, իսկ ձնեմաքրման տենդերը հաջորդ տարի՝ 2022 թվականին, երկու անգամ չի կայացել:
«ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի խոսքով՝ ձնամաքրման սեզոնը նոր է սկսվում։
«Աշխատանքն ընթացքի մեջ է, դրանից հետո ինչքան կստացվի, այդքան էլ վճարվում է: Մեր պարտականությունների մեջ է մտնում ձնեմաքրումը և աղ-ավազային խառնուրդը լցնելը: Մենք փողոցներով չենք զբաղվում, միայն կենտրոնական ճանապարհներով: Այս պահին մեր տրամադրության տակ եղածներից փակ ճանապարհներ չկան»,- մեկնաբանեց նա։
2021 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետը 100 հազար լարի է հատկացրել գյուղերի և քաղաքների ճանապարհները ձյունից մաքրելու համար։
Ախալքալաքի փողոցներում և Բավրայի, Դիլիսկայի, Դավնիայի, Օրջայի, Ազավրեթի, Ալաթումանի, Խանդոյի գյուղական ճանապարհներին ձնեմաքրման և ռեագենտների լցման տենդերում հաղթել է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն։ Սպասարկվող գյուղական ճանապարհների ընդհանուր երկարությունը 174 կմ է։ Ընդհանուր առմամբ նախատեսված է 1173,5 ժամ աշխատանք և 70 տոննա ռեագենտ։
Նշենք, որ 2022 թվականին ձնեմաքրման աշխատանքների տենդերը հայտարարվել է 2 անգամ և երկու անգամ էլ չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով։ Առաջին անգամ՝ նոյեմբերի 30-ին, երկրորդ անգամ՝ դեկտեմբերի 9-ին։ Տենդերով նախատեսված է նաև 70 տոննա ռեագենտ և 174 կմ ճանապարհ։
«ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի խոսքով, ինքը չգիտեր հաջորդ տարի ձնեմաքրման աշխատանքների տենդերի մասին։
«Եթե տենդեր լինի, գուցե և մտնենք»,- ասաց նա։