Ախալքալաքից, կոսմետոլոգ Դանիելա Կարախանյանը, կոսմետոլոգիայի ոլորտում իր բիզնեսը զարգացնելու համար, մասնակցել է ԵՄ-ի ENPARD-2 2019 ծրագրի շրջանակներում LAG -ի (Տեղի զարգացման խումբ) դրամաշնորհային մրցույթին և շահել դրամաշնորհ։ Նրա խոսքով, այս ծրագրի շնորհիվ նա քաղաքում առաջին կոսմետոլոգն է եղել, ով աշխատել է լազերային ապարատով։
Դանիելա Կարախանյանը շուրջ 10 տարի է, ինչ աշխատում է որպես կոսմետոլոգ, նա կատարել է Էլոս-էպիլյացիա, սակայն ժամանակակից սարքավորումների կարիք է եղել, որոնք իր ուժերով չէր կարող ձեռք բերել։ Նա, իմանալով LAG-ի մրցույթի մասին, մասնակցել է և հաղթել։ Դրամաշնորհի գումարով, որը կազմում էր մոտ 20 հազար լարի, նա ձեռք է բերել լազերային էպիլյացիայի սարք։ Կոսմետոլոգի խոսքով, լազերային էպիլյացիան ավելի արդյունավետ է, քան էլոս մազահեռացումը։ Եվ իհարկե, այս ծառայության գներն ավելի բարձր են։
«Երբ բերեցի լազերային էպիլյացիայի ապարատը, քաղաքում ոչ ոք չուներ դրանից, հիմա արդեն ունեն, քաղաքում էլ մրցակցություն կա, բայց ես գոհ եմ»,- ասում է Դանիելա Կարախանյանը։
Թեև Դանիելան գոհ է, այնուամենայնիվ, այն, որ քաղաքում նման սարքեր շատ կան, և արդեն մեծ է մրցակցությունը, նրան մի փոքր դա անհանգստացնում է, բայց նաև ստիպում ու պարտավորեցնում է ավելի լավ աշխատել։ Չնայած մրցակցությանը, գները չեն նվազել, այլ ընդհակառակը, ավելի բարձր են, քան էլոս-էպիլյացիայի դեպքում։
Դանիելա Կարախանյանը մենակ է աշխատում: Նրա խոսքով, քանի որ երկար ժամանակ է, ինչ աշխատում է որպես կոսմետոլոգ, արդեն ունի իր հաճախորդները: