«Դպրոցների ապաքաղաքականացում» ծրագիրն իրականացվում է Վրաստանի բոլոր մարզերում, այդ թվում՝ Սամցխե-Ջավախքում: Այն ուղղված է դեռևս չբարձրաձայնած խնդրի լուծմանը, որը ուղիղ կապված է քաղաքական ճնշման ներքո գտնվող այն անձանց իրավունքների պաշտպանության հետ, որոնք աշխատում են հանրակրթական հաստատություններում՝ ինչպես նախադպրոցական, այնպես էլ դպրոցական։

Ծրագիրն իրականացնում է «Բաց տարածք Կովկաս» և «Բաց հասարակություն» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ձևավորվում են խմբեր, որոնք աշխատում են բացահայտել և բարձրաձայնել այնպիսի խնդիրներ, որոնք կապված են քաղաքական ճնշումների, սպառնալիքների և ահաբեկման ճանապարհով նախընտրական և հետընտրական շրջաններում ուսուցիչների, տնօրենների, դպրոցների վարչական աշխատողների ընտրական ազատության նկատմամբ կատարված ցանկացած փաստի հետ, որոնք ուղղված են նրանց ազատ ընտրելու իրավունքից զրկելուն:

Այդ խմբերը սոցիալական ցանցերով ուսումնական հաստատություններում աշխատող անձանց իրավունքների մասին տեղեկություն են տարածում, որն ուղղված է տեղեկատվական մակարդակի բարձրացմանը մեր տարածաշրջանում։

Սամցխե-Ջավախքում մարզային խմբի կոորդինատորն է Մարիամ Գինոսյանը, նա նշում է, որ ծրագիրն ավարտվում է, բայց մյուս տարվանից շարունակություն կունենա:

MARIAM

JNEWS-ի հետ զրույցում ուսուցիչներից մեկը պատմեց, որ դպրոցում աշխատելու ժամանակ նրա հետ եղել է այնպիսի դեպք, երբ փորձել են ճնշում գործադրել իր վրա. «Այդ ժամանակ ես խոսեցի տնօրենի հետ և զգուշացրեցի, որ ոչ ոք իրավունք չունի ինչ-որ ձև ազդել իմ ազատության վրա, քանի որ ես լավ գիտեմ իմ իրավունքների մասին»:

Սամցխե-Ջավախքում մարզային խմբի կոորդինատոր Մարիամ Գինոսյանը հավելում է. «Մեր կողմից, ցավոք, քիչ են մասնակիցները և դա սպասելի էր, քանի որ մեր տարածաշրջանը Վրաստանի այն տարածաշրջաններից է, որտեղ տեղեկատվության մակարդակը շատ ցածր է, հետևաբար, եթե տեղեկացված չեն բնական է, որ վախը մեծ է: Քանի որ անտեղյակ մարդուն ավելի հեշտ է վախեցնել քան այն մարդուն, ով հստակ գիտի իր իրավունքների մասին և կարող է պաշտպանել դրանք»:

Խմբին մասնակիցները միանում են կամավորական սկզբունքներով: Նրանց մեջ կան ուսանողներ և միայն մեկ ուսուցիչ, նա ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չէ և ավելի լավ գիտի իր իրավունքների մասին:

Մեր այն հարցին, թե տեղացի ուսուցիչները և տնօրենները արդյո՞ք ցանկություն են հայտնում մասնակցելու ծրագրին, Մարին պատասխանում է.

«Տեղացի ուսուցիչները վախենում են անգամ բարձրաձայնել խնդիրների մասին մտածելով, որ ամեն բառ կարող է ճակատագրական լինել, նրանք միանգամից հրաժարվում են վախի զգացողության ներքո, իսկ արդյունքում վնաս է կրում ազատ կրթություն ստացող աշակերտը»

Ծրագրի շրջանակներում առանձին-առանձին հարցազրույցներ են անցկացվել ուսուցիչների հետ՝ ընդհանուր պատկերացում կազմելու համար: Ստեղծվել է նաև facebook-յան հարթակ, որտեղ պարբերաբար տեղադրվում են հայերեն լեզվով նյութեր:

Այս կազմակերպությունը ցանկացած նմանատիպ դեպքի ժամանակ աջակցում է ուսուցիչներին և ցանկացած փաստի դեպքում կարող եք կապ հաստատել Մարիամ Գինոսյանի հետ:

Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք՝ efacoalition@efageorgia.ge