Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով անընդունելի է համարում Մոսկվայում «3+3» ձևաչափով հանդիպմանը վրացական դրոշի օգտագործումը։
Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ «վրացական կողմը բազմիցս հայտարարել է «3+3» ձևաչափին մասնակցության վերաբերյալ իր հստակ դիրքորոշումը և որ Թբիլիսին չի քննարկելու իր մասնակցությունն այդ ձևաչափին։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչը, բնականաբար, անընդունելի է մեզ համար։ Մենք դրան արձագանքել ենք համապատասխան դիվանագիտական կանալներով»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» ձևաչափով խորհրդակցական հարթակի առաջին նիստը՝ ՌԴ, ՀՀ, Ադրբեջանի, Թուրքիայի ԱԳ փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի նախագահությամբ։