Վրաստանի էներգետիկան և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի որոշմամբ՝ «Թբիլիս էներջի»-ի բաժանորդների համար գազի գինը չի թանկանա։
Հանձնաժողովը դեկտեմբերի 23-ի նիստում անփոփոխ է թողել «Թբիլիս Էներջի»-ի սպառողական սակագինը 2023-2027 թվականների համար։ Արդյունքում՝ 1 խորանարդ-մետր բնական գազի համար բաժանորդները ստիպված կլինեն վճարել 53,972 թեթրի։
«Մենք ավարտել ենք գազի ընկերությունների սակագների սահմանումը։ Հանձնաժողովի որոշմամբ տնային սպառողների համար սակագները մնացել են անփոփոխ։ 3 տարվա կարգավորման ժամկետի փոխարեն սակագները սահմանվում են 5 տարի ժամկետով։ Սակագների պահպանումը պայմանավորված է սոցիալական գազի առկայության հարցում պետության վարած քաղաքականությամբ, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ լարիի կայունությամբ»,- ասել է հանձնաժողովի ղեկավար Դավիթ Նարմանիան։
Վերջին անգամ Թբիլիսիում բնակչության համար գազի սակագինը բարձրացվել էր անցած տարվա հունիսին, կոմերցիոն սպառողների համար՝ այս տարվա ամռանը։
Վրաստանի շրջանների մեծ մասում բնակչության համար բնական գազի սակագինը կազմում է 57 թեթրի 1 խորանարդ մետրի դիմաց։ Թբիլիսիում գազաբաշխիչ «Tbilisi Energy» ընկերության սպառողների համար սակագինը սահմանվել է 1 խորանարդ մետրի դիմաց մոտ 54 թեթրի։
Առաջիկա 5 տարիների ընթացքում սպառողական սակագները անփոփոխ կլինեն նաև այլ փոքր գազաբաշխիչ ընկերությունների՝ «Վարկելիլայրս» ՍՊԸ-ի, «Ինտեր գազ» ՍՊԸ-ի, «Գասկո+» ՍՊԸ-ի և «Էս Ջի Գազ կոմպանիա» ՍՊԸ-ի կենցաղային սպառողների համար։