2022-2023 աշնանային կիսամյակից սկսած Իլիայի պետական համալսարանը նախապատրաստական կուրսի լավագույն ուսանողներին հետ է վերադարձնում տվյալ կիսամյակի ուսման վճարն ամբողջությամբ: Անցած ուսումնական տարում Իլիայի պետական համալսարան է ընդունվել 83 ուսանող, իսկ անվճար ընդունելության շեմը կարողացել են հաղթահարել 46+ բալ հավաքած ուսանողները։ Վերոնշյալ ծրագրի շրջանակներում ֆինանսավորում է ստացել նախապատրաստական կուրսի մոտ 10 հայ ուսանող։

Իլիայի պետական համալսարանը հնարավորություն է տալիս նախապատրաստական կուրսի (վրացերենը, որպես երկրորդ լեզու և ինտեգրման ծրագիր) ուսանողների համար։ Վճարովի սովորող լավագույն ուսանողներին, ովքեր կիսամյակը փակել են միջինը 81+ բալերով, համալսարանը ծրագրի շրջանակներում հետ է վերադարձրել վճարված գումարն ամբողջությամբ (1125 լարի), որը ուսանողները վճարել են 2022-2023 աշմամային կիսամյակի համար։

Ծրագրի նպատակն է նպաստել կրթության բարելավմանը և մոտիվացիա առաջացնել նոր կրթական մարտահրավերներ ընդունելու համար։
«Առարկաներն ունեն իրենց բարդությունը, նաև այն փաստը, որ ես ընդունվելուց սովորել եմ վրացերենի B1 մակարդակում և ունեցել եմ լրացուցիչ ևս երկու ընտրովի առարկա։ Ֆինանսավորում ստանալու փաստն ավելի է մոտիվացնում՝ անել անգամ անհնարինը բոլոր առարկաները բարձր փակելու համար։ Այս ծրագիրը մեր համալսարանի կողմից ինձ և ինձ նման շատ ուսանողների համար դարձել է մոտիվացիա», – Jnews-ի հետ զրույցում ասում է ուսանողուհին Էմիլյա Բլիքյանը։

Ուսումնական տարեսկզբին Իլիայի պետական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Նինո Դոբոջգինիձե տեղեկացրել է, որ առաջադեմ ուսանողները, ովքեր բոլոր առարկաներից կիսամյակային գնահատական կունենան 81+ բալեր, հետ կստանան ուսման կիսամյակային վճարը։

«Սպասում էի, բայց գիտեի, թե ֆինանսավորումը ստանալու եմ նախապատրաստական կուրսն ամբողջովին ավարտելուց հետո։ Շատ անսպասելիորեն ստացա նամակը և գումարը, որը միանգամից հաշվեհամարիս էր փոխանցվել։ Շատ էի ուրախացել և այս կիսամյակ ևս պատրաստվում եմ առաջադիմել և նորից ստանալ ֆինանսավորում։ Նման ծրագիրը մեր Համալսարանի կողմից շատ խրախուսելի է», – ամփոփելով խոսքն ասում է Էմիլյա Բլիքյանը։

Իլիայի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողներ բարձր առաջադիմություն են ցուցաբերել ծրագրի ընդունումից հետո։ Ընդգծենք, որ այս ծրագիրը գործում է միայն Իլայի պետական համալսարանում և վերաբերում է միայն նախապատրաստական կուրսի ուսանողներին։

«Ընդունելության քննությունների ժամանակ ես շատ էի պայքարում, որ անվճար ընդունվեմ, բայց մրցակցությունը շատ թեժ էր և ինձ չհաջողվեց անվճար ընդունվել համալսարան։ Եվ երբ ես իմացա այս ծրագրի մասին շատ էի ուրախացել, քանի որ սա նոր հնարավորություն է պայքարելու և ինձ ավելի լավ դրսևորելու համար։ Ես պայքարեցի և ունեցա շատ բարձր գնահատականներ և համալրեցի նախապատրաստական կուրսի լավագույն ուսանողների շարքը։ Հիմա շատ ուրախ եմ, որ ստացա ֆինանսավորում և կպայքարեմ նույն էնտուզիազմով, որ գարնանային կիսամյակի համար նորից ստանամ ֆինանսավորում», – Jnews-ի հետ զրույցում ասում է Անիտա Խզանյանը։

Իլիայի պետական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Նինո Դոբոջգինիձեի խոսքով, ծրագիրը շարունակական բնույթ կկրի։ Ամեն տարի ուսումնական տարեսկզբին ուսանողները կվճարեն ուսման վարձը և ամեն կիսամյակի վերջում, հավաքած բալերի ամփոփումից հետո, լավագույն ուսանողներին հետ կվերադարձվի տվյալ կիամյակի վճարը:

Ժաննա Չոգանդարյան