Վրաստանի առողջապահության նախարարության աշխատանքային տեսչությունը՝ 26 օբյեկտներում ստուգատես կատարելուց հետո 16-ին տուգանել է անվտանգության չափանիշներին չհամապատասխանելու համար: Այս մասին կառավարության աշխատակազմում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է աշխատանքային տեսչության վարչության պետ Բեքա Փերաձեն:
16 ռեստորաններից յուրաքանչյուրը տուգանվել է 10 հազար լարիով (մոտ 3 200 հազար դոլար)` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մշակված հրահանգակններին չհետևելու համար:
«Սոցցանցերում տարածվել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում խախտումներ են արձանագրվել սննդի օբյեկտներում: Դա համատեղ մշակված խաղի կանոնների և չափանիշների խախտում է: Օբյեկտների ստուգումը տեղի է ունեցել ուրբաթ և շաբաթ օրը: Ընդհանուր առմամբ ստուգվել է 26 ընկերություն, որոնցից 16-ը չի բավարարել պահանջները, իսկ 10-ն ամբողջությամբ կատարել է բոլոր պահանջները: Ըստ այդմ, յուրաքանչյուր խախտող տուգանվել է 10 հազար լարիով, իսկ տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 160 հազար լարի (մոտ 53 հազար դոլար)», – ասել է Փերաձեն:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ տույժերի կիրառումը գործակալության կամ պետության նպատակը չէ, և սկզբնական շրջանում ստուգումը զուտ խորհրդատվական բնույթ է կրել: Ընդհանուր առմամբ, առաջարկություններ են տրվել 11 400 օբյեկտների: Ստուգումների ընթացքում պարզ է դարձել, որ որոշ դեպքերում անհրաժեշտ է դիմել պատժամիջոցների:
Գերատեսչությունը ձեռնարկատերերին հորդորել է պահպանել հանձնարարականները` քաղաքացիների առողջությունն ապահովելու համար:
Այսօր էլ Վրաստանի առողջապահության նախարարության շենքի մոտ անցկացվել է «Վրաստանի ռեստորանների ասոցիացիայի» ներկայացուցիչների բողոքի ցույցը: Հանրահավաքի մասնակիցները պահանջում են չեղյալ համարել արձանագրված իրենց տուգանքները:
Փերաձեն նաև զեկուցել է այն հյուրանոցների ստուգման հետ կապված իրավիճակի մասին, որոնք արդեն իսկ այցելուներ ընդունելու իրավունք ունեն:
Ըստ Փերաձեի, Առողջապահության նախարարությունում գրանցումն անցել են 939 հյուրանոցներ, որոնցից 150-ն արդեն ստացել են իրենց գործունեությունը վերսկսելու թույլտվություն, իսկ 175-ը դեռ չեն բավարարել պահանջները: Մնացած հյուրանոցները լրացուցիչ ժամանակ են խնդրել՝ ստուգմանը նախապատրաստվելու համար: Փերաձեն հյուրանոցային ոլորտին կոչ է արել գրանցվել անպայման կարգով և այս ժամանակն օգտագործել՝ հանձնարարականները կատարելուն նախապատրաստվելու համար: