Մունիցիպալիտետի մանկապարտեզներն աշխատում են բնականոն ռեժիմով, բացի Չունչխա գյուղի մանկապարտեզից, որը փակ է ջեռուցման համակարգի փչանալու պատճառով։
Ախալքալաքի շրջանում գործում է 16 մանկապարտեզ։ Դրանցից 13-ն աշխատում են լրիվ ծանրաբեռնվածությամբ, 3-ը՝ այլընտրանքային են և աշխատում են օրական մի քանի ժամ։ Մանկապարտեզների հաճախելիությունը, ըստ Ախալքալաքի մանկապարտեզների միավորման, համեմատաբար աճել է, այսօր այն կազմում է 35 տոկոս։ Մի քանի օր առաջ ընդամենը 15 տոկոս էր։
Ինչ վերաբերում է նախադպրոցական հաստատություններում COVID-19-ով վարակման դեպքերին արձագանքելու նոր կանոններին, որը Վրաստանում գործում է այսօրվանից, Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանն ասաց հետևյալը.
«Մենք վաղուց պահպանում ենք այդ կանոնները, ունենք մեկուսացման համար նախատեսված սենյակ, եթե երեխան վատառողջ է, մեկուսացնում ենք նրան մինչև ծնողները գան: Եթե կասկածում ենք, ապա դաստիարակին ուղարկում ենք թեստ հանձնելու, իսկ եթե մանկապարտեզի սանի հարազատների մեջ հիվանդ կա, մենք հրաժարվում ենք երեխային մանկապարտեզ ընդունել»: