Ապրիլի 3-ին կսկսվի «Արտադրիր Վրաստանում» դրամաշնորհային ծրագրով փոքր և միկրո բիզնես գաղափարների ընդունումը: Այս թեմայով մարտի 22-ին, Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում։
Հանդիպմանը մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, որի ավարտին ներկաները մի շարք հարցեր են բարձրացրել դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ:
«Ծրագիրն իրականացվում է 2015 թվականից։ Անընդհատ փոփոխություններ են արվում ծրագրի կատարելագործման և մասշտաբների ընդլայման ուղղությամբ: Ինչ վերաբերում է 2023 թվականի ծրագրին, ապա այս պահին հիմնարար փոփոխություններ չկան։ Առաջնահերթություններին ավելացել է սոցիալապես անապահով խավի մասնակցությունը: Մենք բյուջեն 30 000 000 լարի է, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից»,- Jnews-ին տված հարցազրույցում ասել է «Արտադրիր Վրաստանում» գործակալության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Օթար Գագուան։
Տեղեկատվական հանդիպումներ են անցկացվում Վրաստանի ողջ տարածքում՝ 50 մունիցիպալիտետներում։
Դրամաշնորհային ծրագրի փոքր և միջին բիզնես գաղափարների հայտերի ընդունումը սկսվում է ապրիլի 3-ից: Բիզնես գաղափարների ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 27-ն է, մինչև ժամը 15:00-ն։
Դրամաշնորհային ծրագրին կարող է մասնակցել Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի, ով ցանկանում է իր բիզնես գաղափարը վերածել հաջող գործունեության կամ ընդլայնել գործող բիզնեսը։
Դրամաշնորհի առավելագույն չափը 30 000 լարի է: Ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող մասնակցության չափը կազմում է դրամաշնորհի գումարի առնվազն 20%-ը, իսկ բարձրլեռնային բնակավայրերում՝ առնվազն 10%-ը։
Եթե կա շահառու, ապա մյուս շահառուի մասնակցությունը դրամաշնորհային գումարի 50%-ից ոչ պակաս է, իսկ բարձր լեռնային բնակավայրերում՝ 25%-ից ոչ պակաս:
Ծրագիրը սահմանել է մի քանի առաջնահերթություն.
- նոր բիզնեսի հիմնում
- երիտասարդ ձեռնարկատիրոջ կողմից բիզնեսի բացում/ընդլայնում
- կին ձեռնարկատիրոջ կողմից բիզնեսի բացում/ընդլայնում
- ներքին տեղահանվածների կողմից բիզնեսի բացում/ընդլայնում
- հաշմանդամություն ունեցող անձանց կողմից բիզնեսի բացում/ընդլայնում
- սոցիալապես անապահով անձի կողմից բիզնեսի բացում/ընդլայնում
- բիզնեսի բացում/ընդլայնում գյուղական բնակավայրերում/լեռնային բնակավայրերում
- ծրագրի իրականացում, որը կենտրոնացած է կացարանների և զբոսաշրջային ծառայությունների վրա:
Հատկանշական է, որ այս տարվա մրցույթին մասնակցությունը սահմանափակվելու է միայն 2020-2022 թվականների ծրագրի շահառուների համար, նաև նրանք, ովքեր կրկնակի ֆինանասավորում են ստացել 2015-2018 թվականներին: