Վրաստանի հիմնական գործընկերը առևտրի ոլորտում Թուրքիան է, և երկրում վաճառվող ապրանքի մեծ մասը թուրքական է: Ախալքալաքը բացառություն չէ: Այստեղ հագուստեղենի վաճառողները սերտ համագործակցում են թուրք գործընկերների հետ, չնայած որ ոմանք գտնվելով հայկական ինֆորմացիոն դաշտում և Հայաստանում գործող թուրքական ապրանքների արգելքի տպավորության ներքո, համարում են, որ այստեղ չպետք է վաճառվի թուրքական ապրանք: Ի՞նչպես են համագործակցում Ջավախքի հայերը թուրք առևտրականների հետ և ինչքանո՞վ են խանգարում ազգամիջյան և տարածքային կոնֆլիկտները բիզնես հարաբերություններին:

2021 թվականին Վրաստանը մոտ 200 երկրից ներմուծել է 8 999 319 հազար դոլարի տարբեր ապրանք, այստեղից 1 605 080 հազար դոլարի ապրանք երկիր է մտել Թուրքիայից: Վրաստանի վիճակագրության ազգային կենտրոնի 2021 թվականի (հունվար-նոյեմբեր) ապրանքի ներկրման ցուցանիշների համաձայն, ամենաշատ ապրանք ներկրվում է Թուրքիայից՝ 17.8%։

import

Վրաստանի վիճակագրության ազգային կենտրոնի 2021 թ.-ի արտաքին առևտրի ներմուծման տվյալները

Թե ո՞ր մասն է այստեղ կազմում Ախալքալաքը պարզ չէ, քանի որ երկիր մտնելուց հետո ապրանքի ներքին շրջանառությունը չի ֆիքսվում: Սակայն Ախալքալաքի հագուստի, ինչպես նաև կոշիկեղենի շուկայում թուրքական ապրանքը մրցակից գրեթե չունի, իսկ մթերքի շուկայում մրցակցում է հայկականի, վրացականի և այլ երկրների արտադրանքի հետ: Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերում և քաղաքում վաճառողների մի մասը գնում է թուրքական տարբեր քաղաքներ՝ Կարս, Տրապզոն, Ստամբուլ, Քեմալփաշա գնումներ անելու, իսկ մի մասն էլ Թբիլիսիի «Լիլո» տոնավաճառից է մեծածախ գնումներ անում, որտեղ էլ առևտրականների իշխող մեծամասնությունը ազգությամբ ադրբեջանցիներ են։

Ջավախքում կոմպակտ հայեր են ապրում, մոտ 70 հազար մարդ: Նրանց մեծ մասը 1915 թականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ենթարկված հայերի սերունդներն են: Այստեղի բնակիչների մոտ դեռևս թուրք բառն ասոցացվում է թշնամի բառի հետ: Սակայն տարիների ընթացքում ապրելով թուրքերի կողքին, իսկ վերջին 5-6 տարում, Կարծախի անցակետի (Վրաց-թուրքական սահման) բացումից հետո, մարդիկ այդ բառն ավելի նշանակության մոտ են սկսել ընկալել: Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը և Թուրքիայի անմիջական մասնակցությունն այդ կռվում Ջավախքում «թարմացրեց» հին վերքերը:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ շատ առևտրականներ խուսափում էին թուրքերի կամ ադրբեջանցիների հետ շփվելուց, սակայն առևտրային բարիդրացիական հարաբերությունները շարունակվում են:

«Երբ մենք խոսում ենք այդ թեմայով, ազգությամբ թուրք կամ ադրբեջանցի առևտրականներն ասում են, որ դա քաղաքականություն է և մեր քաղաքականությունը չէ։ Հիմա որ գնում ենք Լիլո, այդքան ապրանք ենք բերում, ոչ ոք, ոչ մի ավելորդ բառ չի ասում, ժողովուրդը նույն ձև շարունակում է հարաբերությունները։ Ես առևտուր էի անում հենց Ստամբուլից մեկի հետ, ճիշտն ասաց պատերազմի ընթացքում, ոչինչ չէի պատվիրում, հիմա առաջի անգամն է, որ պատերազմից հետո պատվեր եմ արել։ Կարող եմ հաստատ ասել, որ ոչ մի բան չի փոխվել, քանի որ նրանք մեզանով են ապրում։ Մի անգամ մի աղջկա մոտ բացեցի պատերազմի թեման, նա ասաց, որ դա մեզ չի վերաբերում», – պատմում է Ախալքալաքում հագուստեղեն վաճառող առևտրականներից մեկը։

Մեր զրուցակիցները համաձայնեցին պատասխանել բոլոր հարցերին պայմանով, որ չհրապարակենք նրանց ինքնությունը

Մեր հերոսը նշում է, որ կորոնավարակից առաջ թուրքական տարբեր քաղաքներ է գնացել առևտրի, հասել մինչև Ստամբուլ, սակայն հիմա առևտուր անելն ավելի մատչելի և հեշտ է դարձել, նա նույն խանութներից պատվիրում է։ Նշում է՝ Թուրքիա չգնալու պատճառը ավելի շատ կորոնավարակի ստեղծած դժվարություններից խուսափելն է, քան պատերազմի ազդեցությունը։

Ամանեղեն վաճառողըն ասում է, որ սա բիզնես է, ոչ մի բան չի փոխվել բիզնես հարաբերություններում։

«Պատերազմի ընթացքում ինչպես մենք էինք նկարներ տարածում սոցիալական ցանցերում, այդպես էլ նրանք, բայց երբ շփվում էինք, ոչինչ չէինք խոսում այդ թեմայով, բիզնեսն այդպես է, ամենքս մեր գործով ենք զբաղվում։ Ու Թուրքիայի թուրքերի հետ ավելի հեշտ է շփվելը, քան այստեղի (խմբ. ադրբեջանցիների)», – ասում է մեկ այլ առևտրական։

Մեկ այլ հագուստ վաճառող էլ պատերազմից հետո գնացել է Ստամբուլ ապրանք բերելու, և նշում է, որ ոչ մի փոփոխություն, կամ այլ վերաբերմունք չի նկատել։

qaghcraveniq

Հագուստեղեն, ամանեղեն, կոշիկեղեն վաճառողները նույնիսկ չեն մտածում նրանց վաճառած ապրանքի ծագման, դրանց «ազգության» մասին, նրանք այլընտրանք չունեն: Իսկ հայկական ապրանքի ցրիչ-վաճառողը, ով նաև մթերային խանութ ունի առևտրին վերաբերվում է ազգային հարաբերություններից:

«Մեր մոտ կա հայկական ապրանքի պահանջ։ Մենք Հայաստանի հետ միշտ կապ ենք ունեցել, նույնիսկ կորոնավարակը չի խանգարել ապրանք ներկրելուն։ Քանի որ ես հայ եմ, ուզում եմ, որ ժողովուրդը միայն հայկական ապրանք սպառի, դա ինձ համար շատ կարևոր է։ Բացի իմ խանութից, ես ամբողջ Վրաստանով մեկ միայն հայկական ապրանք եմ բաժանում խանութներին, անգամ Բաթումի հայ համայնքում եղած խանութներում ես եմ բաժանում հայկական ապրանք, Թբիլիսիում երեք «Արմենիա» խանութ կա, որտեղ էլի ես եմ տանում և նրանց մոտ միայն ու միայն հայկական ապրանք է», — ասում է Ախալքալաքի խանութներից մեկի սեփականատերը։

Երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում գնում էր «ոչ՝ թուրքականին» արշավը և այն դարձավ նաև թուրքական ապրանքի ներկրման ժամանակավոր արգելք կառավարության որոշման համաձայն, Ախալքալաքի այս խանութում ևս փորձում էին թուրքական ապրանք չվաճառել: Որոշ գնորդներ ևս փորձում էին թուրքական ապրանք չգնել, սակայն դա պաշտոնական արգելքի նման ժամանակավոր էր:

«Օրինակ, ես «Ազերչայ» արտադրության թեյ չէի բերում վաճառելու, սակայն հաճախորդները միշտ գալիս և ուզում են, ստիպված սկսեցի բերել: Ճիշտ է շատ ճչացող տեղ չեմ դրել խանութում, բայց միևնույն է ունեմ», – ավելացնում է առևտրականը։

«Ոչ՝ թուրքականին» հայաստանյան արշավը, եթե Ջավախքում ժամանակավոր և մասնավոր ազդեցություն է ունեցել, ապա Աջարիայի հայերը հիմնականում ոչ մի ազդեցություն չեն զգացել:

2014 թվականի տվյալներով Աջարիայի բնակչության 1,64 տոկոսը հայեր են։ Քիչ չեն նաև ազգությամբ թուրքերը, որոնք տարբեր բիզնեսով են զբաղվում, սակայն պաշտոնական տվյալներում նրանք չեն հաշվառված։ Հայ բնակիչները ուղղակի կապով միշտ առևտրային հարաբերությունների մեջ են նրանց հետ։

Հին Բաթումի փողոցներից մեկի անկյունում կա թուրքական հրուշակեղենի խանութ, խանութը ազգությամբ թուրքի է, սակայն այնտեղ աշխատում է ազգությամբ հայ Արթուր Մակարյանը։ Մակարյանը արմատներով Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղից է, իր հայրիկը ծնվել է Բաթումիում։

hrushakegheni khanut

Արթուրը նշում է, երկար տարիների ընթացքում իրենց խանութ ազգությամբ հայ գնորդ չի մտել։

«Ես կարծում եմ, քանի որ խանութի վրա գրված է «Թուրքական հրուշակեղեն» դրա համար չեն մտնում։ Միշտ փորձում եմ այնպես անել, որ մտնեն հայերը մեր խանութ, շատ ուրախացա, որ դուրք հայ եք և մտաք մեր խանութ։ Այս թուրքի հետ աշխատում ենք շատ երկար տարիներ։ Մենք ոչ մի խնդիր չենք ունեցել», – ասում է Արթուրը։

Ինչպես նա է նշում՝ Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ, նրանք այդ թեմայով ընդհանրապես չեն խոսել, և, ըստ այդմ ոչ մի ազդեցություն չի ունեցել իրնց հարաբերությունների վրա։ Արթուրն ասում է, որ ոչ միայն իր և գործընկրոջ, այլ բոլոր առևտրական հարաբերությունների վրա Աջարիայում պատերազմը ազդեցություն չի ունեցել։

sarpi-turqia

Աջարիայից Jnews-ը ուղևորվեց դեպի Թուրքիա։ Արդեն երկրորդ տարին է, ինչ Թուրքիայի հետ գործող երեք անցակետերից՝ Սարփի, Կարծախ և Վալե, քաղաքացիական փոխադրումների համար գործում է միայն «Սարփիի» անցակետը՝ Աջարիայում: Մնացած անցակետերով կարող են երթևեկել միայն բեռնատարները:

Սարփի-Թուրքիա սահմանին հերթ էր։ Անցակետում բարեհամբյուր են բոլորի հետ, պահանջում են երկու պարտադիր փաստաթուղթ՝ անձնագիր, կորոնավարակի թեստ կամ/և կովիդ անձնագիր։ Որոշ դեպքերում հարցնում են՝ թե ինչո՞ւ եք գնում Թուրքիա, որոշներում՝ ոչ։ Մեր դեպքում ոչինչ չհարցրին։

Երբ անցանք սահմանը սպասում էինք մեր մեքենային, այդ ընթացքում նկատելի էր վրացիների հոսքը, ովքեր, ըստ երևույթին՝ գնում էին առևտրի, քանզի բոլորի մոտ մեծ ու դատարկ պայուսակներ էին։ Առևտրականների մեծ մասի կանգառը Քեմալփաշա քաղաքն է՝ «Իստամբուլ շոպինգ» առևտրի կենտրոնը։ Քչերն են ուղևորվում այլ վայրեր։ Մենք ուղևորվեցինք դեպի Տրապզոն քաղաք։

sarpi turqey

Քաղաքի մեծ առևտրական կենտրոնում կարելի է հանդիպել տարբեր ազգության մարդկանց՝ թուրքերի, վրացիների, ռուսների… Մեր այնտեղ գտնվելու ընթացքում հայերի չնկատեցինք։

Յուրաքանչյուր խանութում մեզ դիմավորում էին շատ բարեհամբյուր, օգնում էին ամեն հարցում։ Ընդամենը երկու խանութ կար, որտեղ աշխատողները շատ քիչ տիրապետում էին անգլերենին կամ ռուսերենին, մնացածները խոսում էին միայն թուրքերեն, միմյանց հասկանում էինք ժեստերով։

Առևտրի կենտրոնում վաճառողների համար մի բան էր կարևոր, ինչքան հնարավոր է շատ ապրանք վաճառել, քանի որ նրանք դրա համար հավելավճար էին ստանում, թե այդ ապրանքը որ ազգության ներկայացուցիչը կգնի, նրանց համար նշանակություն չունի։

trapzon mall

Տնտեսությունը հիմնականում թելադրում է քաղաքականությանը և տրամադրվածությանը: Վրաստանի տնտեսության կախումը Թուրքիայից Ջավախքում ստեղծել է մի մթնոլորտ, որտեղ դուրս է մղել ազգամիջյան տարաձայնությունները առևտրական հարաբերություններից:

Գայանե Ակոջյան