Հայաստան-Վրաստան անդրսահմանային առաջին համագործակցության մեկնարկը տրվեց Ախալքալաքում՝ «Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերի բացման պաշտոնական արարողությամբ։
Սեպտեմբերի 19-ին Ախալքալաքում գտնվող Ջավախեթի ՊՏ-ի վարչական շենքի տարածքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի և Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների փոխնախարար Եկատերինե Գրիգալավաի մասնակցությամբ տեղի ունեցավ «Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերի բացման պաշտոնական արարողությունը, որոնք ստեղծվել են «ՀՀ Շիրակի մարզում և Վրաստանի Ջավախքում բնության հատուկ պահպանող տարածքների ստեղծում» ծրագրի շրջանակներում։
«Ջավախեթի» պահպանող տարածքների և «Արփի լիճ» ազգային պարկի անդրսահմանային միջոցառման ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ Ջավախքում միջոցառման պաշտոնական բացում, որը ներառում է տեղական արտադրանքի տեսականու ցուցադրում և ժամանցային միջոցառումներ, ինչպես նաև պատվիրարկության այցելություն Մադաթափա լիճ։ Միջոցառման երկրորդ մասում պատվիակությունները կլինեն Հայաստանում՝ «Արփի լիճ» ազգային պարկի այցելուների կենտրոնում։
Ախալքալաքի ՊՏ-ի վարչական շենքի բակում գեղեցիկ ցուցասեղանների վրա ներկայացված էր տեղական արվեստագիտական, արհեստագիտական, խոհարարական, տեղական մեղրի, շոկոլադի, պանրի և այլ ապրանքատեսականու ցուցադրություն-վաճառք։ Հյուրասիրությունն ուղեկցվում էր գեղեցիկ երաժշտությամբ և Ջավախքի պատմամշակութային վայրերը ներկայացնող տեսանյութով: Ներկա էին հյուրեր Հայաստանից և Վրաստանից։ Պատվավոր հյուրերի կազմում էին Հայաստանում և Վրաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպաններ Մաթիաս Կիսլերը և Հայքե Պաիթչը, ովքեր հանդես եկան ողջյունի խոսքերով։ Ներկաները ծանոթացան նաև Ջավախքի ազգային պարկ կենտրոնի աշխատանքին։
Սա Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցության զարգացման առաջին քայլն է։
«Տարածաշրջանային ծրագիր էր, որն առաջին անգամ անդրսահմանային համագործակցության հստակ օրինակ է։ Այս ծրագրի շրջանակներում Շիրակ-Ջավախքի սարահարթում ստեղծված են ազգային պարկեր և մեր գլխավոր խնդիրն է ոչ միայն կարողանալ միասնական տարածաշրջանային կենսաբազմազանության պահպանման մոտեցումները կիրառել, այլ նաև ստեղծել իրական պայմաներ, որ երկու կողմից էլ կարողանան ակտիվ ներգրավվել բնապահպանական ծրագրերում, նպաստել նաև համայնքների բնակչության կենսամակարդակի աճին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Մադաթափա լիճ այցելության ընթացքում ներկայացվեցին թռչունների անդրսահմանային մոնիթորինգի գործառույթները և հեծանվորդների կողմից անդրսահմանային երթուղու մեկնարկումը։
«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Կովկասյան նախաձեռնության մասն է, որի հիմքում Կովկասի էկոտարածաշրջանում յուրահատուկ կենսաբազմազանության պահպանությունն է, որը նպաստում է Հայաստանի և Վրաստանի համագործակցությանը Շիրակ-Ջավախք տարածքում՝ անդրսահմանային համագործակցության զարգացման միջոցով։
Արծվիկ Մինասյանը նաև տեղեկացրեց վրացի գործընկերների հետ այն պայմանավորվածության մասին, որ Վրաստանի և Հայաստանի այն տարածքներում որտեղ կա էկոտուրիստական հնարավորություն, երկկողմանի տեղեկատվության փոխանցման միջոցներ են ստեղծելու որպեսզի զբոսաշրջիկները Վրաստանում և Հայաստանում կարողանան օգտվել տեղեկատվությունից ու ազատ տեղաշարժվել տվյալ տարածաշրջանում։
«Այս ոլորտում սա երկու պետությունների միջև առաջին համագործակցությունն է և այս օրինակից շատ բան է կախված: Եթե արդյունավետ և օգտակար համագործակցություն ունենանք, մենք կկարողանանք հետագայում ավելի ընդլայնել և մեծացնել համագործակցությունը։ Հույս ունեմ, որ սա մի կողմից էլ առիթ կհանդիսանա մեր մյուս հարևանի առավել ակտիվ բնապահպանական քաղաքականությանը՝ խոսքը Թուրքիայի մասին է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ Թուրքիան ի սկզբանե հրաժարվել էր ծրագրին մասնակցելուց առանց պատճառաբանության՝ համարելով, որ այս ծրագիրը իրենց համար առաջնահերթ չէ։
Քրիստինե Մարաբյան
Ջուլիետա Տոնականյան