Ախալքալաքի շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ցուցանիշը ցածր է, այդ մասին մասին ասում են մասնագետները։ Եղել են օրեր, երբ ընդհանրապես չի կատարվել պատվաստում, սակայն վերջին ժամանակահատվածում բավականին ակտիվ սկսել են պատվաստվել:
Ախալքալաքի հոսպիտալի բժիշկ, թերապևտ Վեներա Մահտեսյանը նկատում է՝ ոչ բավարար չափի, բայց պատվաստման աճ կա:
«Սկզբից ուսուցիչները մասսայական եկան, հետո, երբ թեստերն անվճար եղավ, դրանից հետո շատ քիչ եկան, ըստ ինձ չպետք է անվճար անեին, որպեսզի բոլորը պատվաստվեին, դրան գումարած տնօրենները ստիպեին ոատվաստվել նաև ծնողներն: Օրինակ վրացական գյուղերից ծնողները եկան և պատվաստվեցին։ Այդպես, որ անեին միգուցե կանգներ վարակի տարածումը»:
Սեպտեմբերին Ախալքալաքում պատվաստվել է 1 507 մարդ, մինչև օգոստոսի սկիզբները պատվաստել 900, իսկ մինչև օգոստոսի վերջ՝ 2 142:
Ինչպես նշում է Մահտեսյանը, պատվաստվողները ցանկանում էին հիմնականում Pfizer պատվաստանյութը, անցած ամիս այս պատվաստանյութով ավելի շատ են պատվաստվել, քան մյուսներով։
«Ես չգիտեմ, թե ինչու է այդպես, ինչպես են ընտրում պատվաստանյութերը, սակայն այդպես է վիճակագրությունը։ Մեր մոտ ես դեռ չեմ տեսել դեպք, որ Pfizer պատվաստանյութով պատվաստված անձը երկրորդ անգամ հիվանդանա կորոնավարակով», – ավելացնում է նա։
Նոյեմբերի 30-ին Ախալքալաքի հոսպիտալում 36 անձ է պատվաստվել, իսկ դեկտեմբերի 1-ին՝ 18 հոգի։ Ինչպես հավելեց Մահտեսյանը օրական միջինը՝ 15-20 անձ է պատվաստվում։
Բժիշկը շեշտում է. «Իրավիճակը լավ չէ, վարակակիրները ամենուր են, որը գիտակցաբար, որն անգիտակցաբար դուրս են գալիս հասարակական վայրեր, հիմա շատ են նաև առանց ախտանիշ դեպքերը, որն էլ նպաստում է վարակի տարածմանը։ Ես նույնպես ոչ մեկին չեմ պարտադրում, սակայն ուզում եմ ասել, որ միակ ելքը պատվաստվելն է։ Լավ կլինի, եթե մարդիկ գիտակցաբար գան և պատվաստվեն»։
Հատկանշական է, որ Ախալքալաքի հոսպիտալում արդեն պատվաստվել են 15-16 տարեկան երեխաններ։
«Այդ երեխաների ծնողները նրանց գիտակցաբար բերել են, այստեղ կանգնած անձինք ասում էին՝ հո չեք գժվել, երեխային ինչու՞ եք բերել, մեզ ստիպել են անում ենք, իսկ ծնողները պատասխանում էին, որ գիտակցավար են բերել իրենց երեխաներին: Ուզում եմ ասել, որ բոլորն էլ պետք է գիտակցեն, որ այս վարակի վերջը կարելի է առնել միայն պատվաստվելով»։
Ախալքալաքում սկսել են պատվաստվել նաև հղիները և կերակրող մայրերը։ Արդեն երկու հղի պատվաստվել է։
«Ժողովուրդը տեսավ իրավիճակը, որ մահացու, ծանր դեպքերը շատացան, իսկ հիվանդանոցներում տեղ չկա, բարեկամները, հարևանները հիվանդացել են, կամ բարեկամը Ռուսաստանում մահացել է, այդ ամենից հետո՝ վախից ելնելով գալիս են պատվաստվելու, իսկ որոշների դեպքում էլ աշխատատեղից են պահանջում», – ավելացնում է բժշկուհին։
Հարկ է նշել, որ Ախալքալաքի հոսպիտալում արդեն մի քանի անձ պատվաստվել է նաև երրորդ՝ «բուստեր» դեղաչափով։
Գայանե Ակոջյան