Թբիլիսիում այսօր մի քանի հարյուր մարդ է հավաքվել՝ բողոքելով Վրաստանում «կանաչ անձնագրերի» համակարգի կիրառման դեմ։ Հանրահավաքն անցկացվել է «Ոչ մի կովիդ տեռոր» կարգախոսով:
«Green pass»-ը կամ «covid passport»-ը էլեկտրոնային փաստաթուղթ է, որում մուտքագրվում են քաղաքացու covid-ի կարգավիճակի վերաբերյալ տվյալները։ Դեկտեմբերի 1-ից Վրաստանում միայն «կանաչ» կարգավիճակ ունեցողները կարող են այցելել ռեստորաններ, սրճարաններ, բարեր, ժամանցի կենտրոններ, կինոթատրոններ, թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, խաղատներ, սպա կենտրոններ, հյուրանոցներ, մարզասրահներ, ձմեռային հանգստավայրեր և ճոպանուղիներ։
«Կանաչ» կարգավիճակը կարող են ստանալ ամբողջությամբ պատվաստված անձինք, ովքեր կորոնավիրուսով հիվանդացել են և թեստավորվել։
Նոր համակարգի դեմ ցուցարարները կեսօրին հավաքվել են Առաջին Հանրապետության հրապարակում, ապա երթով շարժվել դեպի Վրաստանի խորհրդարան։ Ձեռքերում նրանք պահել են պաստառներ՝ «Ոչ՝ կորոնավիրուսի անձնագրերին», «Ո՛չ՝ պատվաստումներին»։ Ցուցարարների մեծ մասն առանց դիմակների են եղել։
«Կանաչ անձնագրերը խլում են մեզ ընտրության ազատությունը: Մեզ ստիպում են պատվաստվել. Սա ահաբեկչություն է»,- ասաց ցուցարարներից մեկը։
Թբիլիսիին զուգահեռ հակապատվաստումային ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Քութաիսիում (Իմերեթի): Այնտեղ հանրահավաքին մի քանի տասնյակ մարդ է մասնակցել։
Վրաստանում կորոնավիրուսի բարդությունների պատճառով մահացած քաղաքացիների թիվը մոտեցել է 12 հազարի։ Ամեն օր հանրապետությունում գրանցվում է մահվան 50-70 դեպք։
Այս ֆոնին պատվաստումների մակարդակը մնում է ցածր։ Վրաստանում լիովին պատվաստված է 994285 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 34,8%-ը։ Անցած շաբաթվա ընթացքում պատվաստումների կուրսն անցել է ընդամենը 14678 մարդ։
Covid-ի անձնագրային համակարգի հետ մեկտեղ իշխանություններն առաջարկել են պատվաստման գործընթացը խթանելու որոշ խրախուսական մեխանիզմներ։ Այնուամենայնիվ, մինչ այժմ նախաձեռնություններից և ոչ մեկը մեծ արդյունավետություն չի ցուցաբերել։