Հունվարի 28-ին Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի առթիվ Թբիլիսիում կազմակերպեց պաշտոնական ընդունելություն:
Պաշտոնական ընդունելությանը ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան, պաշտապանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թևզաձեն, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, հոգևոր դասի և վիրահայ համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ։։
Ողջույնի իր խոսքում Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Տիգրան Հովհաննիսյանն անդրադարձ կատարեց օրվա խորհրդին ու Հայոց զինուժի դերին ու նշանակությանը, ինչպես նաև խոսեց Հայոց բանակի կազմավորման գործընթացի ու դրա անցած ուղու մասին։
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր ելույթում ընդգծեց հայ և վրացի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված փոխգործակցության կարևորությունը՝ շեշտելով ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանային անվտանգության։
Նախարարը, անդրադառնալով հայ-վրացական բարեկամությանը, մատնանշեց, որ Հայաստանը մշտապես դիտարկվում է որպես բարեկամ երկիր։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր շնորհավորական խոսքում նշեց այն կարևոր դերակատարությունը, որն իրականացնում են ՀՀ Զինված ուժերը երկրի անվտանգության պահպանման գործում։
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Էնրիկո Ապրիամովը խոսեց դարերի պատմություն ունեցող հայ-վրացական զինակցության մասին։
Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը