Վարդավառը Ջավախքում յուրովի են նշում: Այս տոնն երեխաների ամենասպասված և ժողովրդականություն վայելող տոնեից մեկն է:
Ջավախքում վարդավառին իսկական իրարանցում է տիրում: Երեխաները վարդավառին նախօրոք են պատրաստվում: Խմբով հավաքվում են և փայտե «մարդ» սարքում, շորեր հագցնում, որպեսզի լույսը բացվելուն պես սկսեն ջրոցի խաղալ: Վաղ առավոտից երեխաները երգելով և ջրով լի դույլերով տնետուն են անցնում: Դռան մոտ կանգնած այնքան են երգում, մինչև տանտերը երգի դիմաց «փոխհատուցում» է տալիս: Որպես կանոն երեխաներին տալիս են մոմ, հավկիթ, պանիր, յուղ, կոնֆետ, փող և այլն: Եթե տանտերը ինչ-որ բան է տալիս երեխաները, որպես շնորհակալություն ասում են՝ շեն մնաս: Իսկ, եթե տանտերը ժլատ է գտնվում և ոչինչ չի տալիս, երեխաները ի պատասխան ասում են՝ չորանաս:
Երեխաները երգում են՝ «Ուրին-նուրինն եկել է, շալե շապիկ հագել է, կարմիր գոտին կապել է, սև հավին հավկիթը կուզենք, կարմիր կովին կաթը կուզենք, ով տա՝ շեն մնա, ով չտա՝ չորանա»:
Օրվա ավարտին երեխաները հավաքած պաշարը վաճառում են և փողը հավասար բաժանում միմյանց մեջ, կամ էլ ինչ-որ մեկի տանը ձվաձեղ են պատրաստում և ուտում: Իսկ մոմերը տանում են եկեղեցի կամ իրենց գյուղի որևէ սրբատեղի և վառում:
Վրադավառը առանձնահատուկ են նշում Ջավախքի Աբուլ գյուղում: Այստեղ, երիտասարդությունը վարդավառից մեկ օր առաջ ուխտի է բարձրանում Աբուլ սարի գագաթին։ Ուխտագնացները գիշերում են սարի գագաթին, վաղ առավոտյան դիմավորում են այգաբացը: Այնուհետև նրանք գյուղ են իջնում և միանում ջրոցի խաղացողներին:
Վարդավառ տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։
Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։
Ջրոցու օրը առանց որևէ մեկի խնդրանքը հաշվի առնելու, առանց բացառության երեխաները ջրում են բոլորին: Ըստ ավանդության ջրվողի համար տարին հաջողակ է լինելու:
Բոլորը ջրոցի են խաղում, սակայն քչերը գիտեն, թե այն իրականում ինչ տոն է, և որտեղից է գալիս այս ավանդույթը: Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն այլ կերպ անվանում են նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոն, քանի որ այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակի օրն է, որն ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա, երբ Քրիստոսն իր աշակերտներին «ներկայացավ» արդեն որպես տիրոջ զավակ: Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշում է Զատկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Աղունիկ Այվազյան