Այսօր Ջավախքի բոլոր եկեղեցիներում և գյուղերում, մասնավորապես Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցում առանձնակի շուքով նշվեց Տեառնընդառաջի տոնը և կատարվեց նորապսակների օրհնության կարգ:

2
Տեառնընդառաջի տոնը կամ ջավախքյան բարբառով ասած «Խեծաղը», «Տրնդեզը» Ջավախքում առանձնակի շուքով են նշում հատկապես նորապսակ ունեցող ընտանիքները: Այս օրը նորապսակները հիմնականում եկեղեցի են գնում և թռնում են խարույկի վրայով:
16

15
Նորապսակ ունեցող ընտանիքում փետրվարի 13-ը իսկական տոնախմբություն է: Փեսացուի տանն են հավաքվում բոլոր բարեկամները և խնամիները: Աղջկա ծնողները և բարեկամները նվերներով գնում են փեսայի տուն: Սեղանների շուրջ հավաքված երիտասարդներին տանտերը նախ «խեծաղ»՝ մեղրով բոված ցորեն է հյուրասիրում, որից հետո հավաքվածները շուրջպար են բռնում խարույկի շուրջ, իսկ նորապսակները 3-ից 7 անգամ կրակի վրայով են թռնում:
12

19
Կրակի վրայով են ցատկում նաև երեխա չունեցող կանայք ու չամուսնացած երիտասարդները, հույսով որ Աստծո օրհնությամբ կհղիանան ու կամուսնանան: Երիտասարդները այնքան են պարում և թռնում խարույկի վրայով մինչև այն հանգչի: Ջավախքի տարբեր գյուղերում Տեառնընդառաջը յուրովի է նշվում:

10

Իսկ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։
trndez2
Տեառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։
14

Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերը, Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը տանելով իրենց հետ տուն։
trndez1
Ժողովրդական սովորույթի համաձայն օրհնված մոմի կրակով վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը։ Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու, խարույկի կրակը բորբոքելիս հայցում ենք աստվածային սիրո հուրը։
4