Զինաիդա Չիվչյանը սպասում է իր առաջնեկին, արդեն հղիության յոթերորդ ամսում է: Համավարակը շատերին ստիպեց հրաժարվել նույնիսկ երեխա ունենալու մտքից, բայց Թբիլիսիի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհին, թեև վախենում է, բայց «պաշտպանում» է իր հղիությունը COVID-19-ից և անհամբերությամբ սպասում առաջնեկի ծնունդին:
Զինաիդայի կյանքում կորոնավարակի հասցրած հարվածը նրա երազած հարսանիքի չեղարկումն էր։ 2020 թվականի հունվարին նա նշանվում է, նշանադրության երկու ամիսը դեռ չլրացած սկսվում է կորոնավարակը, նրանք որոշում են աշնանը հարսանիք անել, սակայն այդպես էլ Զինաիդայի համար հարսի շոր հագնելը անկատար երազանք է մնում։
«Ճիշտ է մեծ ու ճոխ, մեր ավանդական հայկական հարսանիքը տեղի չունեցավ, սակայն մեզ Աստված միացրեց։ Եկեղեցում պսակադրվեցինք։ Հետո տանը, մոտ բարեկամներով և ընկերներով կազմակերպել էինք փոքրիկ խնջույք, որը ճիշտ է չզբաղեցրեց հարսանիքի տեղը, բայց ամեն ինչ շատ ուրախ ու լավ անցավ։ Մի խոսքով լուսավոր և անմոռանալի մի օր ունեցա, որը երբեք չեմ մոռանա», – ասում է նա։
Զինաիդան հիմա արդեն անհամբեր սպասում է իր առաջնեկի ծնունդին։ Միաժամանակ ուրախությունն ու կորոնավարակի հանդեպ ունեցած վախի զգացում է պատել նրան։ Նա ամեն կերպ փորձում է պաշտպանվել և պաշտպանել իր դեռ չծնված բալիկին չարաբաստիկ վիրուսից։
«Սպասում եմ Աստծո կողմից տրված իմ անգին նվերին, իմ առաջնեկին։ Կարծում եմ, ոչ միայն ես, այլև բոլոր այն կանայք, ովքեր պատրաստվում են մայրանալ շատ մեծ վախեր ունեն կապված համավարակի հետ։ Քանի որ, մենք՝ հղիներս, գտնվում ենք այսպես կոչված թիրախային գոտում և մեր վարակվելու շանսերը մեծ են։ Այդ իսկ պատճառով փորձում եմ խուսափել մարդաշատ վայրերում գտնվելուց, տնից դուրս գալուց անպայման դիմակ եմ կրում, և պաշտպանվում ախտահանող միջոցներով»:
Ախալքալաքի հոսպիտալում աշխատող գինեկոլոգ Ասյա Գուլիևան ասում է, որ այս տարի հղիների թիվը կտրուկ նվազել է: Քանի որ վիրուսը շատ զույգերի է վախեցնում, նրանք որոշում են հետաձգել երեխայի ծնունդը: Եղել են դեպքեր, երբ վախի պատճառով նույնիսկ կորցրել են երեխային:
«Մենք ներկա դրությամբ երկու շրջանը՝ Ախալքալաքն ու Նինոծմինդան միասին, 150 հղի քիչ ենք գրանցել, քան անցած տարի։ Ինչի՞ է այդպես. առաջինը՝ կորոնավարակի պատճառով է, քանի որ կանայք ցանկանում են ունենալ առողջ զավակ, իսկ առողջ զավակ ունենալու համար ծնողները պետք է լինեն առողջ, կարողանան երեխային մեծացնել առանց վախի, ամուսինը պետք է լինի կնոջ կողքին», – ասում է Գուլիևան։
Չնայած համավարակի գոյությանը Զինաիդան չի վախեցել հղիանալուց։ Նա երբևիցե չի մտածել համավարակի պատճառով հղիությունը հետաձգելու մասին:
«Անկեղծ ասած հղիությունս հետաձգելու մտադրություն համավարակից ելնելով չեմ ունեցել։ Մինչև հղիությունս համավարակի մասին անգամ չէի էլ մտածում և ընդհանրապես չէի վախենում, բայց հղիությանս լուրն իմանալուց հետո, կարծես միանգամից մեջս ինչ-որ բան փոխվեց, սկսեցի վախենալ, ինչպես հիմա, այնպես էլ փոքրիկիս ծնվելուց հետո կանեմ հնարավոր ամեն ինչ, խուսափելու համավարակից, որպեսզի պաշտպանեմ առաջնահերթ փոքրիկիս, հետո նոր իմ կյանքը»:
Զինաիդան խորհրդակցում է իրենից մեծերի հետ, օգտվում համացանցից, միևնույն ժամանակ միշտ կապ պահում անձնական բժշկի հետ։
«Անձնական բժշկուհուս հետ կապը պաշտպանում եմ միշտ և խորհրդակցում, երբ ունենում եմ հղիության հետ կապված խնդիրներ և գանգատներ։ Սակայն կապված համավարակի հետ, թե ինչպես պաշտպանվել, հիմնականում հետևում եմ մեծերի խորհուրդներին, տեղեկություն եմ հավաքում համացանցից, բայց ոչ թե այն պատճառով, որ չեմ վստահում բժիշկներին, այլ պարզապես այդ տարբերակն եմ ընտրում»։
Զինաիդան պատվաստված չէ, և դեմ է պատվաստանյութերին։ Համացանցում կարդացածը նրա մոտ վախի մեծ զգացողություն է առաջացրել պատվաստման նկատմամբ:
«Ինքս չեմ պատվաստվել և չեմ էլ պատրաստվում, քանի որ ունեմ շատ մեծ վախեր։ Շատ եմ լսել ու կարդացել համացանցում, որ շատ շատերը մահանում են, կամ նրանց վիճակը կտրուկ վատանում է հենց պատվաստվելուց հետո։ Չգիտեմ, գուցե դրանք ուղղակի չափազանցություններ են, բայց ես ինքս վախենում եմ և դեմ եմ պատվաստվելուն»։
Ապագա մայրերը ռիսկային խմբում են, որոնց սպառնում է կորոնավիրուսի ծանր ձևը: Այդ պատճառով, շատ բժիշկներ և համաճարակաբաններ պնդում են, որ հղիները պետք է պատվաստվեն: Սակայն նրանց ոչ բոլոր պատվաստանյութեր է խորհուրդ տրվում: Ապագա մայրերին խորհուրդ է տրվում պատվաստել միայն mRNA-ի հիմքով պատվաստանյութերով: Այսօր Վրաստանում նման դեղամիջոց է հանդիսանում Pfizer-ը։
Ինչ վերաբերում է հղիների պատվաստմանը, ապա բժշկուհի Ասյա Գուլիևան ասում է՝ իրենք հրահանգ են ստացել, տեղեկացնել բոլոր հղիներին պատվաստման մասին, ցանկացողների դեպքում, իհարկե պատվաստում են, սակայն ոչ ոքի ստիպել չեն կարող։ Նա նշում է դեռ չի ունեցել հղի, ով պատվաստվել է, կամ պատվաստվելու ցանկություն է հայտնել:
Ախալքալաքի հոսպիտալում նշում են, որ իրենց մոտ գրանցված հղիներից, ամեն հինգերորդը կորոնավարակով է հիվանդ։ Զինաիդան դեռ լաբարատոր հետազոտություն չի անցել, տեղեկանալու համար վարակվել է կորոնավարակով, թե՝ ոչ, սակայն համեմատելով իր ունեցած ախտանիշերը կորոնավարակի առաջացրած ախտանիշերի հետ, մտածում է, որ ինքն արդեն վարակվել է կորոնավարակով։
«Երբ դեռ նոր էր սկսվել համավարակը, դրանից հինգ ամիս անց ունեցել եմ երեք օր տևողությամբ ջերմություն, զգացել եմ թեթև թուլություն, որից հետո ունեցա նաև համի և հոտի կորուստ, այդտեղից ելնելով էլ մտածում եմ, որ վարակվել եմ, սակայն լուրջ բողոքներ ընդհանրապես չեմ ունեցել և հիմա ինձ շատ լավ եմ զգում»:
Կորոնավարակի պատճառով, երբեմնի ակտիվ, էներգիակով լի աղջիկը, այսօր իրեն այլևս չի համարում ակտիվ։ Օրվա մեծ մասն անց է կացնում տանը՝ համակարգչի դիմաց, ինչպես նաև սկեսրոջն է օգնում տնային գործերում:
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կյանքը կորոնավիրուսից առաջ ավելի ջերմ ու պայծառ էր, քան հիմա: Համավարակը փոխեց բոլորիս կյանքը, ցավոք, դեպի վատը: Ներխուժելով մեր կյանք, իր հետ բերեց տխրություն, ցավ և անհետաքրքրություն կյանքի նկատմամբ։ Իմ կյանքն էլ փոխեց, դարձնելով անհետաքրքիր։ Մինչև համավարակը ես ինձ շատ ակտիվ և էներգիայով լի մարդ էի համարում, իսկ հիմա այդ ակտիվությունն ու լիարժեք էներգիան ես իմ մեջ այլևս չեմ տեսնում»։
Զինաիդան աշխարհի համար բարդ ժամանակաշրջանում թևակոխել է կյանքի նոր փուլ։ Նա փորձում է տեղի չտալ վախերին, որոնք նրան խանգարում են ապրել և առաջ գնալ: Նա կողմնակից չէ կյանքի կարևոր իրադարձությունների համար հարմար պահի սպասելուն։ Զինաիդան մշակել է պաշտպանության սեփական մեթոդը՝ կորոնավիրուսից իր հղիությունը թաքցնում է մշտական դիմակ կրելով, տնից դուրս է գալիս ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և զգուշանում է մարդաշատ վայրերից: Չնայած նրան, որ, նա չի մտածում այն պաշտպանության, որը պատվաստանյութն է առաջարկում: 2020 թվականի դեկտեմբերից ամբողջ աշխարհում, իսկ այս տարվա գարնանից Վրաստանում հղիները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ: Հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստանյութը չի առաջացնում հղիության դադարեցում, վաղաժամ ծննդաբերություն, մեռելածնություն կամ բնածին պաթոլոգիայի ռիսկ, միաժամանակ մոր արգանդում կնոջ և երեխայի կյանքը պաշտպանելով կորոնավիրուսի բարդություններից:
Գայանե Ակոջյան