«Պատվաստվենք մեկս մյուսի համար» խորագրով քարոզարշավ է ընթանում Նինոծմինդայի մունիցիպալիտետում, որին մասնակցում են Համաշխարհային բանկի և Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ներկայացուցիչները: Առաջին հանդիպումը կայացավ Ջիգրաշեն գյուղում, որի ընթացքում պատվաստվեց գյուղի մեկ բնակչուհի։
Հանդիպմանը ներկա էին ինչպես գյուղի բնակիչները, այնպես էլ պաշտոնյաներ, այդ թվում՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։
Քաղաքապետը կարեւորելով պատվաստումը, հորդորեց բնակիչներին պատվաստվել և պաշտպանել թե իրենց, թե հարազատներին։
Այնուհետև, խոսքով հանդես եկավ Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչ Թեոնա Թոդուան։
«Ուզում եմ այսօր խոսել պատվաստման կարևորության, անվտանգության և արդյունավետության մասին։ Կորոնավարակը մարդկանց վրա ազդում է տարբեր ձև, կան դեպքեր, երբ հիվանդությունը լինում է ծանր, միջին և թեթև։ Կարևոր է 60-անց մարդկանց պատվաստումը, քանի որ նրանք գտնվում են բարձր ռիսկային խմբում, ինչպես նաև ռիսկային խմբում են խրոնիկ հիվանդություն ունեցող անձիք և հղիները»։
Ինչպես նշեց Թեոնա Թոդուան 2021 թվականին երեխաների մոտ կորոնավարակի տարածման բարձր ցուցանիշ է գրանցվել։ Դեռ պարզ չէ, թե ինչպիսի ազդեցություն կունենա կորոնավարակը հետագայում երեխաների առողջության վրա։
Հատկանշական է, որ 2020 թվականին 10 ամսում վարակվել է 23 470 երեխա, մինչդեռ 2021թ․-ին 9 ամսում վարակվել է 67 210 երեխա։ Նոր դելտա շտամը համաշխարհային ռեկորդ է սահմանել տարածման տեսանկյունից։ Դելտա շտամը տարածվում է հեշտությամբ։
Հղիների մոտ դելտա շտամի տարածումը շատ է, և այս տարի մահացությունը շատացել է։ Եթե 2020 թվականին կորոնավարակից մահացել է 1 հղի, ապա 2021 թվականին՝ 16։
Մինչև այսօր Վրասատանում տարածվել է կորոնավարակի երեք շտամ, սկզբից ուհանի, հետո բրիտանական և հիմա արդեն դելտա շտամը։ Վարակի նոր շտամը շատացնում է վերավարակվելու հնարավորությունը երեխաների և հղիների մոտ։
Ներկայացնելով վիճակագրությունը Թեոնա Թոդուան ասաց, որ ներկա դրությամբ կորոնավարակից մահացության վարկանիշով ամենաբարձրը Վրաստանն է հարևան երկրների շրջանում։
Հանդիպմանը ներկա էին նաև Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոցի պատվաստման շարժական խումբը: Որոնք եկել էին, որ պատվաստեն ցանկացող բնակիչներին։
Ջիգրաշենում պատվաստվեց մեկ բնակիչ՝ Արծվիկ Պողոսյանը, ով ընդունեց չինական Sinopharm պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը։
«Եկեք պատվաստվենք մեկս մյուսի համար» քարոզարշավն իրականացվում է Համաշխարհային բանկի Covid-19-ի դեմ արագ արձագանքի նախագծի աջակցությամբ: Պատվաստման քարոզարշավը կիրականացվի երկրի բոլոր մունիցիպալիտետներում: