Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի արդի խնդիրներն են մանկապարտեզի բացակայությունը և գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակը։
Ցանկանալով իրենց զավակների համար լավ պայմաններ ստեղծել, Ջիգրաշենի բնակիչները հիմնական խնդիր են համարում մանկապարտեզ չունենալը և ցանկանում են, որպեսզի գյուղում մանկապարտեզ կառուցվի։
Նինոծմինդայի շրջանի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանի խոսքերով 2018 թվականին դեռ մանկապարտեզների կառուցման ծրագիր չկա։
«Մենք մանկապարտեզներ կառուցում էինք “Օգնություն գյուղին” ծրագրով, սակայն հիմա այդ ծրագիրը այլևս չկա, այդ իսկ պատճառով էլ դեռ չենք կարող շարունակել մանկապարտեզների կառուցումը։ Ընդհանրապես, եթե գյուղացիները ցանկանում են մանկապարտեզ ունենալ, կա՛մ գյուղապետը, կա՛մ պատգամավորը գրավոր պետք է ներկայացնեն, որպեսզի մենք տեղյակ լինենք դրա մասին և միջոցներ ձեռնարկենք», – ասաց նա։
Գյուղամիջյան ճանապարհն ասֆալտապատվել է մի քանի տարի առաջ, սակայն կիսով չափ, այդ իսկ պատճառով էլ բնակիչները ցանկանում են, որպեսզի շարունակվի ասֆալտապատման գործընթացը։
«Եթե ճանապարհը ասֆալտապատվի գոնե մինչև եկեղեցի, շատ լավ կլինի», – ասաց բնակիչներից մեկը։
Իսկ գյուղի կենտրոնում հավաքված երիտասարդ տղաների հիմնական խնդիրն ամուսնանալն է, քանի որ, ինչպես նրանք նշեցին, գյուղում բավականաչափ քանակի աղջիկ չկա։
«Մենք պետք է գնանք ուրիշ գյուղեր աղջիկ ընտրելու ամուսնության համար, ինչ արած աղջիկների քանակը շատ քիչ է», – ասաց հույսով լի երիտասարդներից մեկը։
Գայանե Ակոջյան