2019 թվականի հունվարից ավտոմեքենաների տեխզննումը պարտադիր է դարձել յուրաքանչյուր տեսակի տրանսպորտների համար։ Ախալքալաքում վարորդները անհանգստացած են, այստեղ տեխզննման կենտրոն չկա, նրանք ստիպված են այդ փաստաթուղթը ձեռք բերել Ախալցիխեում:

Ախալքալաքի մեքենաները տեխզննում պետք է անցնեն Ախալցիխեում, ինչն էլ Ախալքալաքի բնակիչների մոտ զայրույթ է առաջացնում։ Սակայն բողոքի ալիքը ավելի բարձր է այն փաստով, որ եթե մեքենայի օրինակ՝ ապակին է վնասված կամ ուրիշ մի տեղ, ապա այդ մեքենային տեխզննում չեն անցկացնում։

“Սխալ բան են անում, այստեղից պետք է հասնենք Ախալցիխե։ Ես դեռ չեմ կատարել մեքենայիս տեխզննում, ժամանակը չէ”, – ասաց վարորդներից մեկը։

“Մեքենայիս դիմապակին ճաքած է, հիմա ժամանակ չունեմ փոխելու, առանց փոխելու գնալն էլ անիմաստ է, տեխզննում չեն անում, ամեն փոքր բանի համար տեխզննում չեն անցկացնում, իսկ այդ ամենը փոխելու համար գումար է հարկավոր։ Գնալով ամեն ինչ բարդացնում են, օրը մի բան հնարում”, – ասաց մեկ այլ վարորդ։

Մեքենայի անսարքությունը ուղղելու համար վարորդներին տրվում է մեկ ամիս ժամանակ: Կրկնակի զննումը անվճար է, սակայն եթե վարրորդը չուղղի խախտումները կտուգանվի 50 լարիով:

Հարցված վարորդներից մի քանիսը անգամ չգիտեին, որ հունվարի մեկից տեխզննումը վերաբերում է արդեն բոլոր տեսակի մեքենաներին, անկախ շարժիչի հզորությունից։

Ախալքալաքում վարորդների տեղեկությամբ Խոսպիո գյուղում կառուցվում է մեքենաների տեխզննման կենտրոն։ Շենքը կիսակառույց է, աշխատանքներ չէին ընթանում, եղանակային վատ պայմանների պատճառով էլ շինարարական նյութերը ամբողջությամբ ձյան տակ էր։ Մենք փորձեցինք ճշտել, արդյո՞ք այդ շենքը իրականում կառուցվում է որպես տեխզննման կենտրոն թե ոչ, զանգահարեցինք Վրաստանի լիցենզավորման վարչություն։

“Մենք դեռ Ախալքալաքից դիմում չենք ստացել շենքի լիցենզավորման համար։ Սակայն յուրաքանչյուր կառույց անպայման պետք է անցնի ստուգում և ըստ այդմ կվորոշվի կստանա թե ոչ լիցենզավորում”, – ասաց Վրաստանի լիցենզավորման վարչության ներկայացուցիչը։

Հիշեցնում ենք, որ տեխնիկական զննումը տեղի է ունենալու փուլ առ փուլ և դա կախված կլինի ավտոտրանսպորտի գրանցման ամսաթվից:

Օրինակ, եթե մեքենայի գրանցման վկայականը տրվել է 2013 թվականի նոյեմբերի 15-ին, տրանսպորտային միջոցը պետք է զննում անցնի մինչև 2019 թվականի նոյեմբերի 15-ը:

Մինչև չորս տարեկան մեքենաները տեխզննում չեն անցնելու, 4-ից 8 տարեկան մեքենաները զննում են անցնելու երկու տարին մեկ անգամ, իսկ 8 և ավել տարեկան տրանսպորտային միջոցները տեխզննում են անցնելու ամեն տարի:

Զննման արժեքը թևթև տեսակի ավտոտրանսպորտի համար լինելու է 60 լարի, բեռնատար և մարդատար տրանսպորտները՝ 100 լարի:

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը ավտոմեքենաների տեխզննման գործընթացը դյուրացնելու համար ստեղծել է թեժ գիծ, 1484 հեռախոսահամարով օպերատորները կօգնեն, որպեսզի սեփականատերերը առցանց գրանցվեն և տեխզննման համար օր նշանակեն։ Թեժ գիծը աշխատում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 18:00-ն: Ամբողջ Վրաստանում գործում է 40-46 կենտրոն։

Գայանե Ակոջյան