Թբիլիսիի քաղաքապետարանը 207 հազար լարի (67 հազար դոլար) է հատկացրել ամանորյա տոներին պատրաստվելու համար։ Այդ նպատակով երեք մրցույթ կհայտարարվի: Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Այս երեք մրցույթներից երկուսը վերաբերում են լուսավորությանը և աքսեսուարներին, իսկ երրորդը՝ դեկորատիվ ամանորյա գնացքի ձեռքբերմանը», – պարզաբանել է Կալաձեն:
Քաղաքապետը գործարար հատվածին հորդորել է ակտիվ լինել՝ օգնելու քաղաքապետարանի պաշտոնյաներին ամանորյա տոներին զարդարել քաղաքը:
Կալաձեն հաստատել է, որ քաղաքապետարանը մրցույթ չի հայտարարել գլխավոր տոնածառի գնման կամ փոխարինման համար, ինչի մասին հաճախ են հաղորդում ընդդիմադիր լրատվամիջոցները։
Մայրաքաղաքի քաղաքապետը խոստացել է, որ այս տարի Թբիլիսին գեղեցիկ կլուսավորվի և «Ամանորյա տրամադրություն կհաղորդի բնակիչներին և հյուրերին»։