Նոյեմբերի 15-ին Ախալքալաքի նորընտիր քաղաքապետ Մելքոն Մակարյանն իրեն տեղակալներ է նշանակել Մկրտիչ Մղդեսյանին և Թեյմուրազ Մճետլիձեին։ Երկու փոխքաղաքապետերն էլ քաղաքապետարանի աշխատակիցներ են։

Մկրտիչ Մղդեսյանը եղել է քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավարը, իսկ Թեյմուրազ Մճետլիձեն՝ քաղաքապետարանի Վերահսկողական ծառայության պետը։

Թեյմուրազ Մճետլիձեն փոխարինել է Շալվա Բալախաձեին, ով 21 տարի անընդմեջ մնացել է քաղաքապետի առաջին տեղակալ կամ գամգեբելի՝ չնայած այն հանգամանքին, որ այս ընթացքում մունիցիպալիտետի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 6 մարդ։

Մկրտիչ Մղդեսյանը փոխարինել է Արմեն Մառանգոզյանին, ով նախկին քաղաքապետի երկրորդ տեղակալն էր և այնտեղ աշխատում էր 2017 թվականից։

Հարցին, թե ինչու են ընտրվել այս մարդիկ, քաղաքապետը պատասխանեց.

«Նախևառաջ՝ նրանք լավ մարդիկ են, երկրորդ՝ լավ մասնագետներ՝ ելնելով իրենց աշխատանքից, որը հասցրել են ցույց տալ տարիների ընթացքում»,- ասաց Մելքոն Մակարյանը։

Արդյո՞ք նախկին փոխքաղաքապետերը կմնա՞ն քաղաքապետարանի աշխատակիցներ, այս հարցի պատասխանը հետեւյալն էր.

«Այդ հարցը դեռ քննարկվում է: Մեր կարգախոսն է, որ թիմից որեւէ մեկը նեղացած չմնա: Ամեն մեկն իրեն հարմար գործը կունենա՝ դա կլինի քաղաքապետարանում, թե քաղաքապետարանից դուրս, բայց կլինի»,- ասաց Մելքոն Մակարյանը։

Նորանշանակ տեղակալների նախկինում զբաղեցրած հաստիքները, այսինքն՝ Վերահսկիչ ծառայության եւ Ֆինանսաբյուջետային ծառայության պետի պաշտոնները դեռևս թափուր են, եւ շուտով այս թափուր պաշտոնների համար կհայտարարվի մրցույթ։