Ախալքալաքի Հանրային Առողջապահության կենտրոնը տեղեկատվություն է հավաքում, թե որքան երեխաներ են քաղաքապետարանում կարմրուկով հիվանդ եղել և քանիսը չեն ստացել կարմրուկի դեմ պատվաստում:
Քանի որ ամբողջ Վրաստանում նկատվում է կարմրուկի բռնկում, այդ պատճառով Առողջապահության նախարարությունը համաճարակից խուսափելու համար իրականացնում է կանխարգելիչ աշխատանքներ: Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով դպրոցներում կատարվում է տեղեկատվության հավաքում:
Ախալքալաքի շրջանի Հանրային Առողջապահության Կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանի խոսքերով, կանխարգելման նպատակներով, նախարարությունը տեղեկատվություն է հավաքում չպատվաստված երեխաների քանակի վերաբերյալ:
«Վերջնական տվյալները հայտնի կլինեն ամսվա վերջում: Տվյալները կուղարկվեն Թբիլիսի, այնտեղից կուղարկեն պատվաստանյութեր, որպեսզի այդ երեխաները պատվաստվեն կարմրուկի դեմ: Ներկա պահին, հավաքված տեղեկատվության համաձայն մոտ 100 մարդ պատվաստանյութ չի ստացել, սակայն դա վերջնական չի », – ասում է Ավետիք Տոնականյանը:
Այն գյուղերում, որտեղ կա բուժքույր, պատվաստումը անցկացնելու է նա, իսկ այն գյուղերում, որտեղ չկա, Ավետիք Տոնականյանի խոսքերով, կանցկացնի Կենտրոնը:
«Մենք կստեղծենք շրջիկ խմբեր և կգնանք գյուղեր պատվաստում կատարելու», – ասաց նա:
Ըստ համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի, եթե ծնողները նորից հրաժարվեն պատվաստումից, նրանք չեն կարող պարտադրել այն:
«Կարող ենք պարզապես բացատրել պատվաստումների անհրաժեշտությունը», – ասում է Գայանե Ֆիդանյանը:
Նշենք, որ կարմրուկի պատվաստումը պլանային է: Սակայն Առողջապահության նախարարությունը Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հետ միասին մշակել է օրինագիծ, ըստ որի, մանկապարտեզ և դպրոց ընդունման համար կպահանջվի պատվաստման քարտ: Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնի, պատվաստումները կդառնան պարտադիր:
Ախալքալաքի շրջանում կարմրուկով հիվանդներ պաշտոնապես չեն արձանագրվել:
Շուշան Շիրինյան