Ախալքալաքի մշակութային և ժամանցի հաստատությունները հիմնականում աշխատում են հեռակա կարգով, կան որոշ բացառություններ:
Գեղարվեստի դպրոցը, երաժշտական դպրոցը, թանգարանը և Ապագայի տունը աշխատում են հեռակա կարգով: Վարչակազմը գտնվում է հաստատություններում, բայց կրճատված թվով: Նրանք չեն ընդունում աշակերտներին, ուսումը տեղի է ունենում հեռակա կարգով, համենայնդեպս՝ մինչև հոկտեմբերի 4-ը:
«Մինչև հոկտեմբերի 4-ն այս բոլոր հաստատություններն աշխատում են հեռակա կարգով: 4-ից հետո մենք սպասում ենք, որ մեզ ասեն՝ կմնա առցանց, թե կբացեն: Բացի շուկայից, Սանիտարական մաքրումից և ՀԱԿ-ից, բոլոր հաստատությունները մեր համակարգում են ընդգրկված՝ թանգարանը, գրադարանը, երաժշտական դպրոցը, Գեղարվեստի դպրոցը, Ապագայի տունը, մարզահամալիրը, մարզադպրոցը, շախմատի դպրոցը, մշակույթի տունը, աշուղական դպրոցը, մարզադաշտը», – ասում է Ախալքալաքի շրջանի Կրթության և մշակույթի ծառայության, սպորտի և երիտասարդության հարցերով տնօրեն Վալերի Ստելմաշովը:
Մարզադպրոցը և մարզահամալիրը, ըստ Ստելմաշովի, բացառության կարգով բացված են ֆուտբոլի թիմի և բռնցքամարտիկների մարզումների համար:
«Երբեմն ֆուտբոլն անցկացվում է մարզադպրոցում, տղաները այժմ մասնակցում են Վրաստանի շրջանային լիգային, հետևաբար, որպես բացառություն, նրանք մարզվում են, իսկ մարզահամալիրում, որպես բացառություն, մարզվում են բռնցքամարտիկները, ովքեր խաղում են Վրաստանի հավաքականում, որպեսզի իրենց մարզավիճակը պահպանեն: Նրանք մեր ամենալավ մարզիկներն են, 5-6 հոգի են, այսինքն՝ կուտակում չկա: Այլ հաստատություններում վարչակազմն է աշխատում, իսկ աշակերտները սովորում են առցանց»: