Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական կուսակցությունները շահագրգռված են իրենց շարքերում ընդունել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների:
Բոլորովին վերջերս «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությանն անդամագրվեց թբիլիսահայ հասարակական գործիչ Միքայել Ավագյանը: Վերջինս կարևորում է այն փաստը, որ Վրաստանի քաղաքական կուսակցությունները իրենց շարքերում ներառում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
«Իմ կարծիքով ակտիվ, ռեալ մտածող կուսակցությունները տեսնում են, որ իրենց կուսակցության մեջ ազգային փոքրամասնությունները կարևոր դեր ունեն: Այս ձևով փորձում են ընդգրկել, ինտեգրել նրանց: Այսօր հայությունը շատ է ինտեգրված հասարակական ոլորտում, բայց քաղաքական դաշտում այդքան էլ ակտիվ չեն: Իմ կարծիքով շատ ճիշտ մոտեցում է, որ շատ կուսակցություններ իրենց ցուցակներում դնում են հայերի, ադրբեջանցիների, օսերի և այլոց թեկնածությունները»,- ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նոր անդամը:
Նա ընտրել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, քանի որ տվյալ կուսակցության գաղափարախոսությունը, մոտեցումները ընդունելի են իր համար:
«Նայելով նրանց գործնեությանը, գաղափարախոսությանը, իրենց տեսակետներին ու մոտեցումներին, որոշեցի մտնել քաղաքական արենա: Ես այս կուսակցության մեջ ռեալ ուժ եմ տեսնում»,- ասաց Միքայել Ավագյանը:
Ավելացնելով, որ այս ընտրությունները լավ փորձ է սեփական հնարավորությունները գնահատելու: Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը այցով կլինի ոչ միայն Ջավախքում, այլև Քվեմո-Քարթլիում, Աջարիայում և հայաբնակ այլ բնակավայրերում:
«Անպայման նախատեսվում է այցեր հայաբնակ շրջաններ: Պետք է միշտ չմոռանաս քո արմատներն ու ազգը, բայց միևնույն ժամանակ պետության շահերից դուրս գալով պետք է աշխատես»,- ասաց Միքայել Ավագյանը:
Վերջինս չմանրամասնեց, թե կուսակցության ընտրական ցուցակի ո՞ր համարում կհայտնվի իր անունը:
Աղունիկ Այվազյան