«Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն» (GDI) ՀԿ-ի խորհրդական և Իվերի Մելաշվիլիի փաստաբան Գիորգի Մշվենիերաձեն պահանջում է ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով, որը կհետաքննի Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հարցը:
Ըստ Մշվենիերաձեի, ընդդիմությունը, որն արդեն ներկայացված է խորհրդարանում, և, ամենայն հավանականությամբ, ապագայում ներկայացված կլինի էլ ավելի մեծ կազմով, կարող է ստեղծել այս հանձնաժողովը և հանրությանը ցույց տալ, թե ինչպես է լուծվել սահմանազատման հարցը անկախության վերականգնումից ի վեր:
«Այդպիսով կպատասխանեն բոլոր հարցերին, և հասարակությունը կտեսնի, թե ովքեր են պայքարել և պայքարում Վրաստանի համար, իսկ ովքեր՝ հակառակը, ով է իսկական հայրենասեր, իսկ ով՝ դավաճան: Շատերը կամաչեն նայել Իվերի Մելաշվիլիի աչքերին՝ այս անմեղ մարդու հասցեին իրականացված բարոյական տեռորի համար: Ինչ-որ մեկը [կամաչի] այն բանի համար, որ ինքն էլ, անմտադրաբար, դարձել է տեռորի մասնակից, իսկ մյուսն էլ՝ իր լռությամբ այդ տեռորը թույլ տալու համար: Այս կեղտի հեղինակները չեն ամաչի, նրանք ամոթի զգացում չունեն: Ուստի նրանց համար կլինի միայն մեկ պատասխան՝ օրենքը», – գրում է նա:
Ըստ խորհրդարանի կանոնակարգի, խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի պատասխանի և հետաքննի պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից օրենսդրության խախտումները: Խորհրդարանի նախագահը, հանձնաժողովը, խմբակցությունը և պատգամավորների առնվազն 1/5-ը կարող են նախաձեռնել հանձնաժողովի ստեղծումը: Որոշումն ընդունվում է խորհրդարանի ամբողջական կազմով` պատգամավորների առնվազն 1/3-ի (50 խորհրդարանական) համաձայնությամբ:
Առանց ՄԱՇ-ի պատգամավորների, որոնք դեռ խորհրդարան չեն մտել, ընդդիմությունը, առանց իշխող կուսակցության, 50 ձայն չի հավաքում:
«Քարտեզագետների գործը»
Վրաստանում, նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին ձերբակալվել էին Վրաստանի ՆԳՆ հարևան երկրների վարչության սահմանային հարցերով վարչության նախկին պետ Իվերի Մելաշվիլին և Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության ցամաքային սահմանի պահպանության վարչության գլխավոր տեսուչ Նատալյա Իլիչովան:
Ինչպես հայտնում են գլխավոր դատախազությունից, նրանց ձերբակալումը կապված է Վրաստանի տարածքի մի մասը Ադրբեջանին փոխանցելու գործի հետ: Գերատեսչությունից նաեւ հայտնել են, որ ձերբակալվածների գործողությունների դրդապատճառները պարզվում են:
Օգոստոսի 17-ին Գլխավոր դատախազությունը քրեական հետաքննություն էր սկսել Վրաստանի ՔՕ 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով Վրաստանի տարածքի մի մասն այլ պետությանը փոխանցելուն ուղղված գործողությունների իրականացման վերաբերյալ:
Դատախազության տվյալներով՝ հետաքննությունը հիմնվել է Վրաստանի ՊՆ-ից ստացված գրավոր տեղեկատվության վրա, ըստ որի՝ Արտաքին գործերի նախարարությանն առընթեր պետական սահմանի սահմանազատման (սահմանագծման) հանձնաժողովի փորձագետները անընդհատ անտեսել են համապատասխան պատշաճ փաստաթղթերը՝ ի վնաս Վրաստանի շահերի: Մելաշվիլին և Իլիչովան իրենց մեղքը չեն ճանաչում: