Երբ օլիմպիադայի ուղեգրից մեկ քայլ էր բաժանում, նույնիսկ ցուցատախտակը արձանագրել էր Օթար Երանոսյանի հաղթանակը, մարտի արդյունքները փոխվեցին և հաղթող ճանաչվեց Քաթարի ներկայացուցիչ Հական Էրսեկերը։
Կատարվածին խաղավարները ոչ մի մեկնաբանություն չեն տվել, անգամ Վրաստանի ֆեդերացիայի գլխավոր մարզիչին թույլ չեն տվել բողոքելու՝ պատճառաբանելով, որ աշխարհի մասշտաբով խաղ է և նա իրավունք չունի միջամտելու։ Այնուամենայնիվ ներկայացվել է գրավոր բողոք, բայց թե ինչ դերակատարություն կունենա այդ բողոքը դեռ պարզ չէ։
«Սկզբնական տվյալները, որոնք ցուցադրվել են էկրանի վրա, արդյունքում փոխվեցին և որպես հաղթող բարձրացրեցին Քաթարի ներկայացուցչի ձեռքը։ Հունիսի 26-ին Ֆեդերացիան կվերադառնա, ավելի մանրամասն կտեղեկացվենք, այն ինչ գիտենք, հեռախոսազանգերի միջոցով եմ իմացել։ Հետաքրքիրն այն է, որ Օթար Երանոսյանից ուրիշ մարտերում պարտություն կրող հակառակորդները ստացել են ուղեգիրը, իսկ նա ոչ», – կատարվածը մեկնաբանեց Ախալքալաքի Սպորտ համալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը։
Նյութում տեղադրված նկարը ցույց է տալիս մարտի սկզբնական տվյալները, որտեղ հաղթանակը տրվել է Երանոսյանին՝ 3։0 հաշվով։
Հիշեցնենք, որ Օթար Երանոսյանը հունիսի 16-ից գտնվում է Բաքվում, որտեղ խաղարկվում են 2016 թ.-ի Բրազիլիայում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրերը: Այս մարտում հաղթելու դեպքում Երանոսյանին մնում էր գոնե ոչ ոքի-ով անցկացնել երրորդ խաղը, որպեսզի ստանար ուղեգիրը:
Ջուլիետա Տոնականյան