9-ամյա Գոհարը ձյուդոիստ է, Փոքր Սամսար գյուղում սպորտով է սկսել զբաղվել 3 տարեկանից, հասցրել է մասնակցել մրցույթների և գրանցել բազում հաղթանակներ:
Վերջին կարևոր մրցումը, որին նա մասնակցել է մարտ ամսին է եղել: Թբիլիսիում անցկացված Զուրաբ Իարաջուլիի հիշատակին նվիրված առաջին միջազգային մրցաշարում առաջին տեղ է գրավել: Մրցաշարին մասնակցել են 2011-2012 թ.-ին ծնված տղաներն ու 2009-2010 թ.-ին ծնված աղջիկները: Չնայած Գոհարը 2014 թ.-ին է ծնվել և քաշային կարգը չի համապատասխանել (խմբ. ընդամենը՝ 28կգ) միևնույն է նա մրցակցել է 32կգ քաշային կարգ ունեցող ձյուդոիստի հետ և հաղթանակ տարել:
Մեր հերոսուհին աչքի է ընկնում իր համեստությամբ և քչախոսությամբ: Չի սիրում պատմել հաղթանակների մասին, փոխարենը նուրբ ժպտում է ու խոսում մարզումներից, իսկ մեր հարցերին պատասխանում՝ մեկ-երկու բառով: Գոհար Ավագյանն իր առաջին քայլերը սպորտում սկսել է դեռևս 3 տարեկանից, երբ հայրը սկսել է նրան սովորեցնել ձյուդոյի որոշ հնարքներ:
«Ավելի շատ կապված եմ հայրիկիս հետ, մենք տանը ընկերներ ենք, խոսում ենք սպորտից, միասին մրցումներ ենք նայում և քննարկում հնարքներ: Բայց պարապունքների ժամանակ նա խիստ է և պահանջկոտ: Մրցույթների մասնակցելիս միշտ մտքումս մտածում եմ, որ հաղթելու եմ»:
Գոհարը երազում է, որ իրեն հեռուստատեսությամբ ցույց տան, պատմեն իր հաղթանակների մասին:
«Ուզում եմ, որ ինձ հեռուստացույցով ցույց տան: Երբ հաղթանակած եմ տուն գալիս բոլորն ինձ շնորհավորում են, ուրախանում, այդ ժամանակ ես ինձ լավ եմ զգում»:
Փոքրիկ ձյուդոիստի կարծիքով, ինքը շրջապատից չի տարբերվում, չնայած նրան, որ միակ աղջիկ ձյուդոիստն է գյուղում:
Իսկ ծնողներն ասում ենԳոհարն իր հասակակիցներից տարբերվում է, ոչ թե սպորտի հանդեպ ունեցած սիրով, այլ իր համեստությամբ:
Գոհարի հոր՝ Աղասի Ավագյանի խոսքով, աղջիկը վերջին մրցույթի ամենափոքր մասնակիցն է եղել, սակայն դա չի խանգարել նրան պայքարել և զբաղեցնել առաջին հորիզոնական: Գոհարին հայրն է մարզում:
«Գոհարը շատ փոքր էր մոտ 3-4 տարեկան, երբ տանը վարժություններ էի անում իր հետ և սովորեցնում որոշ հնարքներ և զգացի, որ նրա մեջ սեր կա դեպի ձյուդոն, և ստացվում է այդ հնարքները կատարել և որոշեցի աշխատել նրա հետ՝ հավատալով, որ նրա մոտ ամեն բան կստացվի», – մեզ հետ զրույցում ասաց Աղասին:
Ամուսնուն լրացնում է կինը՝ Հռիփսիմեն, ասելով, որ երբ տեսնում է աղջիկն ինչպիսի ոգևորությամբ ու սիրով է մարզվում, միայն ուրախանում է ու հավատում, որ Գոհարի հաղթանակները դեռ առջևում են:
«Ոչ մի մրցման ես ներկա չեմ եղել, շատ եմ լարվում և անբացատրելի զգացողություններ եմ ունենում, երբ գիտեմ, որ Գոհարը մարտ ունի: Հասարակության մեջ կարծրատիպ կա, որ աղջիկ երեխաները սպորտով չպետք է զբաղվեն: Օրինակ. հաճախ ասում են, որ աղջիկ է, ավելի համապատասխան զբաղմունք ընտրեք, կամ որ կազմվածքը կփչանա, բայց դրանք մեզ չեն խանգարում և ուշադրություն չենք դարձնում նմանատիպ խոսակցություններին», – կիսվում է Գոհարի մայրը:
Գոհարի առօրյան շատ հագեցած է, միայն սպորտը չէ, որ մեր հերոսուհուն գրավում է: Նա մեծ սիրով գնում է պարի դասերի, պարտաճանաչ կատարում է դպրոցում հանձնարարված առաջադրանքները, մասնակցում վրացերեն և անգլերեն դասերի և խնամում փոքրիկ եղբորը՝ Լեոյին:
Կարդացեք նաև՝
Կորոնավիրուսը փոխեց նաև 6-ամյա Գոհարիկի առօրյան (Video)