«Վրացական երազանքի» հանրահավաքն Ազատության հրապարակում ավարտվեց ժամը 18:00-ին՝ մեկնարկից մեկ ժամ անց։
Հանրահավաքին, որը իշխող կուսակցությունը որոշել էր անցկացնել ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ, մասնակցեց մոտ 70 հազար մարդ։ Նման մասշտաբային հանրահավաք «Վրացական երազանք»-ն անցկացրել էր միայն 2012 թվականին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակից առաջ։
Նշենք, որ Ախալքալաքից հանրահավաքին մասնակցելու նպատակով տարել են նաև քաղաքացիական ծառայողներին և կրթության ոլորտում աշխատողներին։
Ակցիայի մասնակիցներին դիմեցին կուսակցության առաջնորդները և տարբեր քաղաքների քաղաքապետերի թեկնածուները։
«Մի քանի օրից մենք նորից պետք է ընտրություն կատարենք: Ընտրություն ոչ թե երկու քաղաքական կուսակցությունների միջև, այլ արդարության և անարդարության, բարու և չարի, խաղաղության և քաոսի, հոգածության և կեղեքման, զարգացման և առաջընթացի միջև», – ասաց կուսակցության վարչապետ և քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին:
Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն շեշտադրումը կատարեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության վրա, որը, ըստ «Վրացական երազանք»-ի առաջնորդների՝ «երկրի բոլոր դժբախտությունների հեղինակն է հանդիսանում»։
«Հոկտեմբերի 30-ին տեղի կունենան վերջին ընտրությունները մինչև 2024թ.-ը: Հանցավոր խմբավորումների ղեկավարն իրեն արժանի պատիժն է կրում բանտում: Ընտրություններում հաղթանակը և Սաակաշվիլիի բանտում գտնվելը երկու գործոններն են, որոնք մեզ հնարավորություն են տալիս վերջնականապես ավարտին հասցնել երկրում տիրող բևեռացումը և տեղափոխել այն զարգացման նոր փուլի»,- ասել է Կոբախիձեն։
Կախա Կալաձեն, որին չի հաջողվել հաղթել Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների առաջին փուլում, իր ելույթում խոստացավ «կյանք չխնայել՝ Թբիլիսիի բնակիչների վստահությունն արդարացնելու համար»։
20 քաղաքներում և մունիցիպալիտետներում «Վրացական երազանքի» թեկնածուները կհանդիպեն գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» հակառակորդների հետ: