Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում յուրօրինակ ու գրավիչ ցուցատախտակ է տեղադրվել: Նպատակը մեկն է՝ զբոսաշրջիկներին ծանոթացնել Թբիլիսիի հայկական շենքերի, եկեղեցիների և գործիչների գործունեության հետ։
Ծրագիրը ֆինանսավորվել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից: Ծրագրի շրջանակներում 900 դոլար է հատկացվել Վրաստանին, երկու ծրագիր իրականացնելու համար։ Այս տարի Վրաստանն առաջին անգամ է մասնակցել վերոնշյալ ծրագրին և սոցիալական կայքերի օգնությամբ հավաքվել է հայ երիտասարդների խումբ, ովքեր և կյանքի են կոչել սույն ծրագիրը։
«Առաջին ծրագիրը վերաբերում էր դրսում արևածաղիկ վաճառող տատիկներին ու պապիկներին: Նրանց սեղան, անձրևանոց, աթոռ նվիրել, որ կարողանան պաշտպանվել արևից և հանգիստ աշխատեն։ Իսկ երկրորդ ծրագիրը ցուցատախտակն էր, որը տեղադրվել է Սբ. Գևորգ եկեղեցու բակում», – պատմում է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից ֆինանսավորված ծրագրերի ղեկավար Էմիլ Սարգիսյանը։
Նրա խոսքերով, ցուցատախտակը որոշել են տեղադրել Սուրբ Գևորգ եկեղեցու բակում, քանի որ այն գտնվում է Թբիլիսիի հենց զբոսաշրջային թաղամասում, և զբոսաշրջիկներն այստղ շատ են։ Ցուցատախտակը 16 պահարան ունի, ամեն մեկի վրա կպցրած է տների նկարներ և կողքին գրված է Թբիլիսիին առնչվող որևէ հարց: Իսկ ցուցատախտակի աջ կողմում մագնիտե կախազարդով բանալիներ են, որոնց վրա էլ գրված է հարցերի պատասխանները։ Ճիշտ պատասխանի համար պետք է ընտրել ճիշտ բանալին և դրանով բացել այս կամ այն արկղը։
«Մենք որոշեցինք, որ միայն հայերի տները չլինի այնտեղ և ավելացրեցինք նաև վրացական տներ, եկեղեցիներ, սինագոգը և այլն», – նշում է Էմիլ Սարգսյանը։
Մարգարիտա Ավագյանն տեղեկանալով ծրագրի մասին, անմիջապես որոշում է մասնակցել: Մարգարիտան ասում է, որ իր ներդրումը ծրագրին եղել է այն, որ հանդիպումների ընթացքում զանազան առաջարկություններով ու կարծիքներով է կիսվել:
«Ծրագիրն ինձ տվեց նոր գիտելիքներ, փորձ, ծանոթություններ, ընկերներ և ամենակարևորն է, որ ես իմ արած գործից հաճույք ստացա», – պատմում է նա։
Ծրագրի սկիզբը դրվել է 2018 թվականի նոյեմբերին և ավարտվել 2019 թվականի հունիս ամսին։
Նախագծի իրականացման 7 ամիսների ընթացքում երիտասարդները տարբեր հանդիպումներ են ունեցել՝ խոսել, քննարկել ու կիսվել իրենց գաղափարներով։
Ռիմա Մառանգոզյան