Արփին ու Արևիկը սիրում են նկարել: Jnews-ը նկարիչ Արևիկ Խրիմյանից և լուսանկարիչ Արփի Գաբրիելյանից պարզել է՝ թե ինչ ընդհանրություններով ու տարբերություններով են աշխատում նրանցից յուրաքանչյուրը:

15 ամյա Արևիկ Խրիմյանը քաղաք Ախալքալաքից է, հաճախել է նկարչական դպրոց: Նկարչությամբ է զբաղվում 13 տարեկանից, այս ընթացքում հասցրել է մասնակցել տարբեր մրցույթների: Նա հիմնականում նկարում է թղթի և կտավի վրա, կտավի դեպքում օգտագործում է յուղաներկ, իսկ թղթի դեպքում՝ մատիտ և ջրաներկ:

MyCollages (2)

Արևիկը մասնակցել է Fiestaloniai Dali’s Moustache միջազգային մրցույթին և գրավելով առաջին հորիզոնականը, ստացել է համապատասխան տեղի համար նախատեսված մրցանակ: Նա ստացել է հրավեր մասնակցելու փառատոնի, որը պետք է անցկացվեր Իսպանիայում:

«Համավարակն իր բացասական ազդեցությունը ունեցավ նաև իմ աշխատանքի վրա, առաջինը հենց նրա համար, որ սահմանափակումների պատճառով ես չկարողացա մասնակցել այդ փառատոնին: Բայց այն ունի նաև դրական կողմ՝ քանի որ հիմա ավելի շատ ազատ ժամանակ ունեմ նկարելու, գրքեր կարդալու, տարբեր ծրագրեր ձեռնարկելու, ինչպես նաև մաթեմատիկայով և անգլերենով զբաղվելու համար», – ասում է Արևիկ Խրիմյանը:

Նրան տարբեր ոլորտներ են հետաքրքրում: Կարծում է, որ սեփական զարգացման վրա պետք է շատ աշխատել, միայն այդ ժամանակ կստացվի ավելի պրոֆեսիոնալ և խորիմաստ նկարներ ստանալ: Հակառակ շատ կարծիքների, Արևիկը մտածում է որ Ախալքալաքում շատ բան է հնարավոր անել զարգանալու համար:

«Կարևորը մարդ ցանկություն պետք է ունենա, դրդապատճառ և ինչ-որ մի հենարան, իմ դեպքում այդ հենարանը ծնողներս են»,- նշում է Արևիկը:

Նա վատ կարծիքներից չի վախենում, այլ ընդհակառակը՝ նկարելը իրեն օգնում է ազատվել և ցրվել վատ մտքերից:

MyCollages (3)

Արփին ևս նկարում է, բայց ֆոտոխցիկով: Չնայած այն բանին, որ շատերը դա համարում են հեշտ աշխատանք և օրվա ընդացքում անում են տասնյակ լուսանկարներ, մշակում դրանք սոցիալական ցանցեր տեղադրելու համար, միևնույն է այն բարդ աշխատանք է, որը պահանջում է պրոֆեսիոնալիզմ և մասնագիտական գրագետ մոտեցում:

Ախալքալաքում Արփի Գաբրիելյանին շատերն են ճանաչում: Նրա մանկությունը անցել է Գումբուրդո գյուղում, բայց 10 տարեկան հասակում ծնողները որոշել են տեղափոխվել Ռուսաստան՝ ավելի լավ կյանքի հույսով: 1999-2013 թվականներին ապրել է Ռուսաստանում, որտեղ էլ ստացել է կրթություն, սակայն միշտ նրա հիշողությունների մեջ է եղել ծննդավայրը, սարերը, հայրենի բնօրանի գույները:

«Ես միշտ հիշում էի, թե ինչպես էինք ես ու պապս հետևում մայրամուտներին, որոնք շատ գեղեցիկ էին երևում մեր տան պատուհանից: Այս բոլոր հիշողություններն ինձ տուն կանչեցին: Երբ մեր հարազատները մեզ լուսանկարներ էին ուղարկում, ժամերով նայում էի սարերին և պատկերացնում, թե ես ինչպես կնկարեի դրանք, ես պատկերացնում էի այդ լուսանկարների կոմպոզիցիան, լույսը և այլն»:

gumburdo

2008 թվականին՝ երկար տարիների բացակայությունիգ հետո, Արփին վերադարձել է հայրենի գյուղ: Նա սկսել է լուսանկարել այն ամենը, ինչ գեղեցիկ է համարել՝ միջատներից մինչև սարեր, հենց այդ ժամանակ էլ նրա մեջ արթնացել է լուսանկարիչ դառնալու ցանկությունը: Սկզբում դա Արփիի համար որպես հոբբի է եղել, իսկ արդեն 2014 թվականից սկսել է լրջորեն ուսումնասիրել լուսանկարչությունը Եկատերինբուրգ քաղաքում:

«Այն բանից հետո, երբ հասկացա, որ ցանկանում եմ աշխատել այս ոլորտում սկսեցի շարունակել կրթությունս: Ինչպես բոլորը, սկզբում ես էլ լավ չէի լուսանկարում, շատ անգամ լուսանկարել եմ անվճար, շատ դժվարին նկարահանումներ եմ արել: Հիմա լուսանկարչությունը իմ հիմնական աշխատանքն է, ես շատ ուրախ եմ, որ ընտրել եմ լուսանկարչությունը, վստահ եմ, որ չեմ սխալվել: Աշխատանքի ժամանակ ես հանգստանում եմ և ստանում դրական էներգիա: Ինձ համար ամեն մի նկարահանում անմոռանալի օր է, իսկ Ջավախքում յուրաքանչյուր այցելություն՝ սիրելի արձակուրդ և անմոռանալի ճամփորդություն»,- պատմում է Արփին:

arpii nkar

Արփին հիմնականում նկարահանում է դրսում բնական լույսով և լուսանկարների 80%-ը արված է մայրամուտին:

«Ջավախքում կա մի սիրելի վայր, որտեղ ես բոլորից շատ եմ սիրում նկարել, իմ նկարների հերոսներից շատերը նույնպես նախընտրում են այնտեղ նկարվել, դա մեր գյուղում է գտնվում: Այնտեղ կա մի լանջ, որտեղից բացվում է շատ գեղեցիկ տեսարան դեպի Քուռ գետի հովիտը և արևը մայր է մտնում հենց այս սարերի հետևում, դա անմոռանալի տեսարան է, երբ արևը դիպչում է հորիզոնին, ինչ-որ անհավանական և կախարդական բան է սկսվում, կերպարանափոխվում և սկսում է շողալ տաք ճառագայթների տակ՝ սարերից մինչև խոտի շեղբեր: Բոլոր նրանք, ովքեր գալիս են ինձ հետ, նույնպես հիանում են այդ վայրով, լեռներով և մայրամուտներով», – ասում է Արփին:

MyCollages (4)

Ինչ վերաբերվում է սահմանափակումներին, ապա դա այդքան էլ վատ անդրադարձ չի ունեցել Արփիի աշխատանքի վրա, քանի որ բաց տարածքներում հեշտ է գաղափարներ իրականացնել, դա էլ այն դեպքում, երբ Ջավախքում ամենուր սարեր, լճեր, այգիներ և գեղեցիկ նկարներ ստանալու համար շատ ռեսուրսներ կան:

Մեր երկու հերոսներն էլ մտածում են, որ Ախալքալաքում հնարավոր է շատ բան անել, իրագործել բազում մտահաղացումներ: Միայն թե դրա համար ցանկություն ու աշխատասիրություն է անհրաժեշտ:

Լիդա Ալմասյան