Ապրիլի 8-ի, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստի օրակարգում դրված էր երեք հարց: Քննարկման դրված բոլոր կետերը պատգամավորներն ընդունեցին :
Առաջին հարցը վերաբերում էր 2021 թվականի բյուջեի որոշ փոփոխություններին:
– Աղբատար մեքենա գնելու նպատակով Ճապոնիայի դեսպանատունը մունիցիպալիտետին հատկացրել է 56 000 լարի: Մունիցիպալիտետը ևս 42 000 լարի հատկացրել է այդ մեքենայի (ճապոնական աղբատարի) համար երեք խոշոր կոնտեյներներ ձեռք բերելու համար:
– 500 լարի՝ Սակրեբուլոյի և քաղաքապետարանի համար երկու որակավորված էլեկտրոնային կնիք գնելու համար:
– 200 լարի՝ քաղաքապետարանի համար նոր պոմպ գնելուն:
– Պատգամավորները քննարկել և ընդունել են կառավարության կողմից դպրոցականների և ուսուցիչների փոխադրման համար հատկացված 25776.50 լարիի ծախսը:
– 24 000 լարի է հատկացվել աղբատար մեքենայի նորոգման համար:
Օրակարգի երկրորդ հարցը եղել է քաղաքապետարանի կանոնակարգի փոփոխությունների հաստատմանը
– Հարցը վերաբերում էր անցյալ տարի բացված նոր՝ ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանության բաժնին: Նման բաժիններ, համաձայն կառավարության որոշման, 2020 թվականի հունվարից բացվել են բոլոր մունիցիպալիտետներում:
Քաղաքապետարանն այդ ժամանակ ընդունել էր այս բաժնի աշխատանքային կանոնակարգը: Բաժինն ունի երկու աշխատակից՝ մասնագետ և հոգեբան: Նրանց պարտականությունն է ընտանեկան բռնության մասին տեղեկատվություն ստանալու դեպքում արձագանքել, սոցիալապես անապահով մարդկանց, հիվանդներին օգնել և դիմել համապատասխան կազմակերպություններին: Պատգամավորները երեկ հաստատել են այս բաժնի աշխատանքի նոր կանոնակարգ: Արդյունքում, աշխատակիցներն իրենք պետք է փնտրեն շահառուներին, այլ ոչ թե սպասեն, որ ինչ-որ մեկը տեղեկատվություն տրամադրի իրենց:
Երրորդ հարցը նույնպես վերաբերում էր կանոնակարգի փոփոխություններին: Դրանք վերաբերում էին նախորդ՝ մարտի 25-ին կայացած նիստին ընդունված ճանապարհային երթևեկության խախտումների արդյունքում անդորրագրերը իրավախախտներին փոխանցելու մասին դրույթին:
Ախալքալաքի պաշտոնական կայքում (www.akhalkalaki.ge) կհայտնվի նոր հավելված, որտեղ կհրապարակվեն այն վարորդների պետհամարանիշերը, որոնց տեսախցիկները արձանագրել են իրավախախտման ընթացքում, բայց չի հաջողվել իրավախախտման մասին ծանուցել հեռախոսահամարով կամ փոստի միջոցով: Պատգամավորները չեղյալ են հայտարարել հին դրույթը և ընդունել են նորը, քանի որ նոր հավելվածի ստեղծումը, ինչպես ասացին քաղաքապետարանի ներկայացուցիչները, պահանջում է ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ, որոնք մունիցիպալիտետը դեռ չունի: