Արդեն երկրորդ տարին է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետն իրականացնում է քաղաքացիական բյուջետավորման ծրագիր։ Այժմ հայտարարված է դիմումների ընդունում Ախալքալաքի բնակիչներից, ովքեր կարող են ներկայացնել իրենց գաղափարները քաղաքի զարգացման համար։ Քաղաքացիական բյուջետավորման գումարը ավելացվել է՝ հասնելով 50 000 լարիի։
Քաղաքացիական բյուջեի իրականացման հիմնական նպատակն է բնակչությանը ներգրավել քաղաքային կամ շրջանային կառավարման գործընթացներում։ Այն թույլ է տալիս քաղաքացիներին ինքնուրույն որոշել, թե ինչպես օգտագործել և բաշխել տեղական բյուջեի գումարները:
Երեկ՝ հուլիսի 11-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը և քաղաքապետարանի աշխատակիցները տեղական լրատվամիջոցներին տեղեկացրեցին քաղաքի զարգացման գաղափարների մրցույթի հայտերի ընդունման մասին։ Քաղաքացիների դիմումներն ընդունվելու են հուլիսի 15-ից օգոստոսի 16-ը ներառյալ։
Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը գրանցված է և (կամ) փաստացի բնակվում է Ախալքալաքի տարածքում, կարող է առաջարկել մունիցիպալիտետի ընդհանուր բարօրության զարգացմանն ուղղված գաղափար։ Նախաձեռնության բյուջեն այս տարի 30 000 լարիից հասցվել է 50 000 լարիի։ Այդ գումարը կտրամադրվի տեղական բյուջեից։
Ախալքալաքի բնակիչների կողմից գրված գաղափարի/նախագծի իրականացումը պետք է լինի Ախալքալաքի մունիցիպալիտետի իրավասությունների շրջանակում, այն պետք է ծառայի բնակչության բարօրությանը, այլ ոչ թե մասնավոր կամ բիզնես շահերին: Ծրագրի իրականացումը պետք է հնարավոր լինի 2025 թվականի ընթացքում։
Դիմումը կարելի է ուղարկել varchucyun@gmail.com էլ.փոստի հասցեով, կամ գրավոր ներկայացնել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարան՝ Չարենցի փող. 11:
Հաղթողը կընտրվի քվեարկության միջոցով՝ ախալքալաքցիների կողմից։ Ուստի այս ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևոր է քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունն այս գործընթացում։
Նշենք, որ նախորդ տարի այս ծրագրի շրջանակներում, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում տեղադրվել է մեծ էկրան։
Հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև հայտաձևերը վրացերեն և հայերեն լեզուներով կարող եք գտնել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կայքում՝ akhalkalaki.gov.ge և քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում քաղաքացիական բյուջեն ներդրվել է «Քաղաքացիական հասարակության հնարավորությունների ընդլայնում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «HEKS-EPER Georgia» կազմակերպության կողմից՝ Սամցխե-Ջավախքի իր գործընկերոջ՝ Քաղաքացիական հասարակության կազմավորման աջակցության կենտրոն (SCCSF) կազմակերպության աջակցությամբ։