Վրաստանում՝ Սվանեթում, ամենաարագընթաց ճոպանուղին կկառուցվի մինչև 2021 թվականի վերջ: Խացվալիի լեռնադահուկային հանգստավայրի վերին կայարան հնարավոր կլինի հասնել ընդամենը 4 րոպեում։
Շինարարությունն իրականացնում է ավստրիական Doppelmayr (Դոփելմայեր) ընկերությունը՝ ճոճանակային և ճոպանքարշային ճանապարհների աշխարհահռչակ արտադրողը: Նախագծի համար Վրաստանի կառավարությունը հատկացրել է ավելի քան 34 մլն. լարի:
Գոնդոլային տիպի նոր ճոպանուղին 1 ժամում կկարողանա տեղափոխել 1800-ից 2400 ուղեւոր։ Դրա երկարությունը 1421 մետր է։
«Հանգստացողներն արագընթաց ու ժամանակակից ճոպանուղուց կկարողանան օգտվել տարեվերջին: Դրա արագությունը վայրկյանում 6 մետր է: Խացվալի լեռը հնարավոր կլինի բարձրանալ 4 րոպեում»,- ասել է Հարավային Կովկասում և Ղազախստանում «Doppelmayr»-ի ներկայացուցիչ Նիկոլոզ Գրձելիձեն։
Վրաստանի կառավարության հրամանով Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը պետք է ապամոնտաժեր Խացվալի-Զուրուլդի ճոպանուղին և դրա տեղում նորը տեղադրեր ոչ ուշ, քան 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։
Որոշումն ընդունվել է շինարարության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից՝ օբյեկտի ստուգումից հետո։ Գերատեսչությունը եզրակացրել է, որ Խացվալի-Զուրուլդի ճոպանուղին չի համապատասխանում անվտանգության չափանիշներին։
Խացվալի հանգստավայրը գտնվում է Մեստիա քաղաքից ութ կիլոմետր հեռավորության վրա։ Սա Վրաստանի ամենաերիտասարդ լեռնադահուկային հանգստավայրերից մեկն է։ Այն իր աշխատանքը սկսել է 2011թ.-ին: