«Բարեկամության կամուրջը» ժամանակակից չափանիշներով 160 մետրանոց քառաշերտ ավտոմոբիլային կամուրջ է, որը կառուցված է Հայաստանի և Վրաստանի տարածքում։ Այսօր տեղի ունեցավ կամրջի բացման պաշտոնական արարողությունը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեցին վրաց-հայկական սահմանի մոտ Դեբեդ գետի վրայով նոր ճանապարհային կամրջի բացման պաշտոնական արարողությանը։

«Բարեկամության կամրջի» գործարկմամբ վրաց-հայկական սահմանում տրասպորտի թողունակությունը կկրկնապատկվի:

«Մեր հարաբերությունները ոչ միայն եղբայրության և ընկերության օրինակ են, այլ նաև ողջ տարածաշրջանի բարեկեցության, կայունության, անվտանգության և զարգացման կարևոր նախապայման։ Բարեկամության կամուրջը, որը մենք միասին ենք կառուցել, մարմնավորում է մեր համագործակցության և ընկերության հաջողությունը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով, նոր կամրջով կբարելավվի ճանապարհային անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների, այնպես էլ հյուրերի, ինչպես նաև տարանցիկ մեքենաների համար։ Այն նաև ավելի կհզորացնի երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները։

Բացի վերը նշվածից, Ղարիբաշվիլին նշել է, որ կամուրջը ձեռք է բերում ռազմավարական նշանակություն՝ որպես Արևելք-Արևմուտք միջազգային ուղու կարևոր մաս։

«Ցանկանում եմ նշել, որ մեր երկրում ճանապարհային միջանցքի զարգացումն ընթանում է մեծ տեմպերով։ Մենք արդեն կառուցել ենք Արևելք-Արևմուտք ավտոմայրուղու կեսը։ Եվ ընդամենը երկու տարում կավարտվի դրա բոլոր հիմնական հատվածների շինարարությունը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Փաշինյանի խոսքով՝ Վրաստանը՝ որպես տարանցիկ երկիր, Հայաստանի համար մեծ նշանակություն ունի էներգառեսուրսների, կապի, հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով։

ՀՀ վարչապետի խոսքով, կիբերանվտանգության, միջսահմանային համագործակցության զարգացման ոլորտում համատեղ աշխատանքն ու փորձի փոխանակումը հույժ կարևոր են։

Փաշինյանը հայտարարել է մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում համատեղ նախագծեր նախապատրաստելու, շրջակա միջավայրի, զբաղվածության, կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին։

«Այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են միջգերատեսչական հանդիպումներ և սերտ կապեր, ուստի մեր հարաբերությունները պետք է պարզեցվեն, ինչին կնպաստի այս կամուրջը»,- ասել է Փաշինյանը։

Բագրատաշեն-Սադախլո անցակետի կամրջի վերակառուցման ծրագրի մեկնարկը տրվել է 2021 թվականի մայիսին։ Անցակետում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման աշխատանքները սկսվել էին հուլիսին։

Կամուրջը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին։ Դրա կառուցումը երկու երկրների համար արժեցել է 9,1 մլն եվրո՝ 7,2 մլն եվրո՝ ԵԱԶԲ վարկով, 1,8 մլն եվրո՝ երկու երկրների բյուջետային միջոցներից։

Հին կամուրջը կառուցվել է խորհրդային տարիներին և նախատեսված չի եղել մեծ մարդատար և բեռնափոխադրային հոսքի համար։ Արդյունքում առաջացել է նոր նախագծի նախաձեռնությունը: Ի սկզբանե «Բարեկամության կամուրջը» նախատեսվում էր շահագործման հանձնել 2016 թվականի վերջին, սակայն ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է։