Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի բերքահավաքի ամենաթեժ պահն է։ Ֆերմերները, վախենալով եղանակի վատթարացումից, շտապում են որքան հնարավոր է շուտ հավաքել կարտոֆիլը, բայց չեն կարողանում աշխատող գտնել: Մեծ պահանջարկի պատճառով աշխատողներն այս տարի բարձրացրել են իրենց ծառայությունների գները: Բերք հավաքողները պահանջում են օրական 45-ից 75 լարի:
Այս տարի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքն ուշ սկսվեց: Եղանակային պայմանները թույլ չտվեցին ավելի շուտ սկսել: Այժմ, քանի դեռ եղանակները չեն վատացել, կարտոֆիլագործները շտապում են հավաքել իրենց բերքը, բայց բավարար քանակությամբ աշխատուժ չկա, նրանք չեն կարողանում բերքը հավաքող աշխատողների գտնել: Կարտոֆիլ հավաքելու ծառայությունը 20-30 լարիից հասել է 60-65 լարիի: Որոշ ֆերմերներ նույնիսկ առաջարկում են 70 լարի, բայց չեն կարողանում մարդ գտնել: Բեռնողների սպասարկումը 5-10 լարիով ավելի թանկ է, բայց նրանց ավելի քիչ են վարձում, քան հավաքողներին:
Կարտոֆիլ հավաքողների պակասը ֆերմերները բացատրում են նրանով, որ մարդիկ դեռ չեն հասցրել հավաքել իրենց բերքը:
«Եղանակ չկար: Մարդիկ միշտ սկզբում հավաքում էին իրենց բերքը, հետո գնում էին ուրիշների մոտ, փողով հավաքելու: Իսկ հիմա բոլորն իրենց կարտոֆիլն են հավաքում։ Դրա համար հավաքողներն էլ բարձրացրել են իրենց գինը: Ամեն տարի սեպտեմբերին էին սկսում բերքահավաքը», – ասում է ֆերմեր Մախարե Մացուկատովը:
Ֆերմերները, միմյանցից «գողանում» են աշխատողներին, վճարելով ավելի շատ, քան նրանք ստանում են: Ամեն տարի այլ շրջաններից խմբերով գալիս են Ախալքալաք կարտոֆիլ հավաքելու:
Քովիդի հետ կապված իրավիճակը նույնպես ազդեց շատերի որոշման վրա: Մարդիկ վախենում են վարակվել կորոնավիրուսով, մտածում են, որ ավելի լավ է տանը մնան: Հատկապես այն բանից հետո, երբ կարտոֆիլ հավաքող խմբերից մեկում շատերը վարակվել էին կորոնավիրուսով:
Ասպինձայից մի մարդ, ով չցանկացավ ներկայանալ, ամեն տարի բերքահավաքի ժամանակ հավաքում է 15 հոգուց բաղկացած բրիգադ և բերում Ախալքալաք: Նա ծանոթ ֆերմերներ ունի, ովքեր արդեն հերթագրվել են: Այս տարի նա փոխադրման համար վերցնում է 130 լարի, իսկ աշխատողները՝ 65 լարի:
Մի ֆերմեր ասում է, որ չի կարողացել կարտոֆիլ հավաքող գտնել, և նրանք բարեկամներով պայմանավորվել են օգնել միմյանց:
«Իմ բարեկամներն են օգնում ինձ, իսկ հետո մենք նրանց կօգնենք: Օրինակ, եթե ինձ վճարեն նույնիսկ 100 լարի, ես իմ բերքը թողած չեմ գնա հավաքելու ուրիշինը», – ասում է Կումուրդոյի բնակիչը:
Չամդուրեցի ֆերմեր Ալեքսան Մանուկյանն ասում է, որ ճիշտ է այս տարի բերքահավաքի ծառայությունը թանկացել է, սակայն կարտոֆիլի գինը նույնպես բարձր է:
«Ես վճարում եմ 45 լարի, հավաքում են իմ մշտական աշխատողները: Ինձ ձեռնտու է, վճարում եմ 45 լարի, բայց քանի որ կարտոֆիլի գինը բարձրացել է, դա ինձ համար ևս եկամտաբեր է », – ասում է Ալեքսան Մանուկյանը: